Ազգային հավաքական. խնդիրներ տարբեր օղակներում
Աջակցիր «Ա1+»-ին20 օրից էլ քիչ ժամանակ է մնացել Հայաստան-Էստոնիա ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցավեճին: Առաջիկա 2 շաբաթների ընթացքում հավաքականի անդամները պետք է փորձեն լավ մարզավիճակ ձեռք բերել մարտի 28-ին կայանալիք հանդիպումից առաջ:
Առայժմ հավաքականի ոչ բոլոր թեկնածուներ ունեն խաղային պրակտիկա: Արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստները նոր են սկսում մրցաշրջանը, իսկ Հայաստանում մրցաշրջանը կմեկնարկի միայն մարտի 17-ին: Դարպասապահներից խաղային պրակտիկա ունի Գեւորգ Կասպարովը, որն Իրանում մասնակցում է ՚Տերակտոր Սազիՙ թիմի ելույթներին: Հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին ՚Խիմկիիՙ կազմում մասնակցել է մի շարք ստուգողական հանդիպումների, իսկ պաշտոնական հանդիպման Ռոման պետք է մասնակցի մարտի 14-ին մեկնարկելիք Ռուսաստանի պրեմիեր լիգայի 2009 թ. խաղարկությունում: 1-ին տուրում ՚Խիմկինՙ հյուրընկալվելու է Մոսկվայի ՚Լոկոմոտիվինՙ:
Պաշտպաններից խաղային պրակտիկա առայժմ չունի Ռոբերտ Արզումանյանը: Դանիական ՚Ռանդերսումՙ Արզումանյանը, ինչպես եւ 2008 թ. 2-րդ կեսին, հիմնականում հայտնվում է պահեստայինների նստարանին: Թեեւ ՚Ռանդերսըՙ պաշտպանությունում բավական անհաջող է հանդես գալիս, սակայն Արզումանյանին շարունակում են չվստահել: Արդեն 2 ամսից ավել է ակումբ չունի Վահագն Մինասյանը, որը կտրականապես հրաժարվում է շարունակել ելույթները ՚Արարատումՙ: Մինասյանը սպասում է հունիսին, երբ ավարտվի պայմանագրի ժամկետը, որից հետո նա կստանա ազատ խաղացողի կարգավիճակ:
Դոնեցկի ՚Մետալուրգումՙ ելույթ ունեցող Արարատ Առաքելյանը օրերս մասնակցեց Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրի ՚Խարկովիՙ հետ մրցավեճին: Առաքելյանը հիմնական կազմում էր եւ մասնակցեց ողջ հանդիպմանը, որում ՚Մետալուրգըՙ պարտվեց 0:1 հաշվով: Լավ մարզավիճակ է ձեռք բերում մեկ այլ կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը, որը վերջերս շվեդական ԳԱԻՍ-ից տեղափոխվեց նորվեգական ՚Ֆրեդրիկստադՙ: Պաչաջյանը արդեն հասցրել է դառնալ Նորվեգիայի փոխչեմպիոնի առանցքային խաղացողներից մեկը:
Վերջին 10 ամիսների ընթացքում դարձյալ անորոշ վիճակում է հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը ժամանակ առ ժամանակ մասնակցում է Ամստերդամի ՚Այաքսիՙ երիտասարդական թիմի հանդիպումներին: Մանուչարյանին ներկայիս վիճակը չի գոհացնում եւ երիտասարդ խաղացողը մտադիր է հեռանալ հոլանդական ակումբից: Ռոբերտ Զեբելյանը սկսել է մասնակցել Սոչիի ՚Ժեմչուժինայիՙ ստուգողական հանդիպումներին: