Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոհարյանին փորձարկում է ԲԱՏԵ-ն

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ՚Լոկոմոտիվիՙ անդամ Հովհաննես Գոհարյանը փորձաշրջան է անցնում բելառուսական ԲԱՏԵ-ում: Հայ հարձակվողը Բելառուսի չեմպիոնի կազմում արդեն մասնակցել է Մոսկվայի ՚Սպարտակիՙ հետ ստուգողական մրցավեճին:

Գոհարյանը եղել է հիմնական կազմում, սակայն 60-րդ րոպեին փոխարինվել է, իսկ ԲԱՏԵ-ն պարտվել է 0:3 հաշվով: Հովհաննեսի տրանսֆերը ներկայումս պատկանում է Մոսկվայի ՚Լոկոմոտիվինՙ, որի երիտասարդական թիմի կազմում Գոհարյանը 2007 եւ 2008 թթ. դարձել է Ռուսաստանի փոխարինողների առաջնության լավագույն ռմբարկու: Գոհարյանը ավելի վաղը հայտարարել էր, որ ՚Լոկոմոտիվումՙ մնալու դեպքում չի կարողանա ելույթ ունենալ Հայաստանի հավաքականում: Հայ ֆուտբոլիստը ներկայումս ունի Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու դեպքում նա Ռուսաստանում կհամարվի լեգեոներ: Ռուսաստանի ֆուտբոլային կանոնադրության համաձայն թիմերում լեգեոներների թիվը սահմանափակ է:

Լավագույն տասնյակում

Ամերիկան ՚The Ringՙ ամսագիրը հրապարակել է փետրվար ամսվա լավագույն 10 պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների ցանկը: Ավստրալիան ներկայացնող Վախթանգ Դարչինյանը եզրափակում է լավագույն տասնյակը: Թեթեւագույն քաշային կարգում ելույթ ունեցող Վախթանգը փետրվար ամսին անցկացրել է մեկ հանդիպում` հաղթելով մեքսիկացի Խորխե Արսեին: Դարչինյանը հանդիսանում է WBC-ի, WBA-ի եւ IBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոն: