Շնորհավորանքներ
Աջակցիր «Ա1+»-ինՆ. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում մեծազնիվ տիկնանց եւ օրիորդաց եւ բերում Մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Մարտի 8-ի տոնական առիթով:
Ազգային մեր կյանքն այսօր նույնպես արդյունավորվում եւ զորանում է այն մեծ ավանդով, որ բերում են կանայք մատաղ սերնդի դաստիարակության եւ ինքնության կերտման, ընտանիքի ամրության պահպանման աստվածահաճո առաքելությամբ: Մեր դժվարին պատմության ճանապարհին հայ մայրերը, քույրերն ու դուստրերը օրհնյալ ջանք ու նվիրում են ներդրել` հանուն մեր ժողովրդի բարօր ու լուսավոր գալիքի:
Մեր մաղթանքն է, որ կանայք մշտարթուն նույն նվիրումով, արիական ոգով, քաջառողջ եւ եռանդաշատ շարունակեն իրենց սուրբ գործը, եւ Բարին Աստված տոնական այս օրը երկնառաք շնորհներով ուրախություն ու լուսավորություն բերի տիկնանց եւ օրիորդաց սրտերին ու հոգիներին` զորացնելով հույսի ու սիրո մեջ: Աղոթքով առ Աստված հայցում ենք Բարձրյալի ամենազոր Աջի պահպանությունը սիրելի մեր մայրերին, քույրերին ու դուստրերին` ի խնդիր աստվածասեր մեր ժողովրդի եւ հայրենական մեր կյանքի առաջընթացի եւ զորացման:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները թող լինեն ամենքիդ հետ. Ամեն:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առիթով
՚Սիրելի կանայք
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ:
Մեր ժողովրդի ու նրա ստեղծած արժեքների հարատեւության, ձեռքբերումների ու ազգապահպանման գործում անգնահատելի է ձեր դերակատարությունը: Հայոց ընտանիքի ամրությունը, նոր սերնդի հայեցի դաստիարակության ավանդույթը, մայրենի լեզուն ու մեր ժողովրդի ազգային դիմագիծը պահպանվել են առաջին հերթին ձեր նվիրումի ու առաքինության շնորհիվ:
Համոզված եմ, որ շարունակելու եք հայապահպան ու ազգապահպան ձեր առաքելությունը եւ մեծացնելու եք ձեր մասնակցությունը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր բնագավառներում` ի շահ մեր երկրի ու նրա ժողովրդի :
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, վերստին շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն ու սերՙ: