Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն դեռ մտածում է, իսկ մրցակիցները` պատրաստվում

Սպորտ

 

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի մրցակիցները արդեն սկսել են նախապատրաստվել ՚Եվրո-2011ՙ-ի ընտրական հանդիպումներին, իսկ Հայաստանը դեռ չունի գլխավոր մարզիչ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը դեռեւս հունվարի 31-ին հայտարարել էր, որ փետրվարին հայտնի կդառնա երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի անունը:

Փետրվար ամիսը արդեն ավարտվել է, իսկ երիտասարդական հավաքականը շարունակում է մնալ առանց մարզչի: 2008-09 թթ. երիտասարդականը գլխավորում էր Վարուժան Սուքիասյանը, որի գլխավորությամբ Հայաստանը ՚Եվրո-09ՙ-ում իր ենթախմբում գրավեց 4-րդ հորիզոնականը: Սուքիասյանի պայմանագիրը ՀՖՖ-ի հետ ավարտվել է: Մարզիչը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ տեղյակ չէ, թե արդյոք ինքը կշարունակի ղեկավարել երիտասարդականը, թե` ոչ: Ըստ որոշ աղբյուրների` քննարկվում է նաեւ Երեւանի ՚Միկայիՙ խորվաթ գլխավոր մարզիչ Իվո Շուշակի տարբերակը, սակայն ներկայումս Շուշակը ՚Միկայիՙ հետ գտնվում է Իսպանիայում, եւ հարցը ձգձգվում է:

Եվրոպայի 2011 թ. Եվրոպայի ընտրական փուլը մեկնարկում է մարտի 28-ին, իսկ Հայաստանը իր ելույթները կսկսի հունիսի 5-ին` հյուրընկալվելով Շվեյցարիայի հավաքականին: Շվեյցարացիները մարտի 28-ին եւ ապրիլի 1-ին պատրաստվում են 2 ընկերական հանդիպում անցկացնել Գերմանիայի երիտասարդական հավաքականի հետ: Ընտրական փուլում հայ երիտասարդների մրցակիցներն են լինելու նաեւ Թուրքիայի, Վրաստանի, Իռլանդիայի, Էստոնիայի հավաքականները, որոնցից շատերը արդեն իսկ սկսել են պատրաստվել ընտրական մրցաշարին:

Մասնավորապես, Իռլանդիայի երիտասարդականը փետրվարին ստուգողական հանդիպում էր անցկացրել Գերմանիայի հետ (1:1): Իռլանդացիները պարբերաբար հավաքներ են անցկացնում, իսկ առաջիկայում նախատեսում է անցկացնել նաեւ այլ ստուգողական հանդիպումներ:

Թուրքիայի հավաքականը մարտի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Դանիայի հետ: Մարտի 31-ին թուրքերը կհյուրընկալեն Իռլանդիային` անցկացնելով առաջին ընտրական հանդիպումը: Թուրքիայի հետ Հայաստանը Երեւանում մրցելու է հունիսի 9-ին: