Արոնյանը դեռ հնարավորություն ունի
Աջակցիր «Ա1+»-ինԼեւոն Արոնյանը դեռ պահպանում է Լինարեսի սուպերմրցաշարում հաղթելու հնարավորությունը: 12-րդ տուրում առաջատար Ալեքսանդր Գրիշչուկը առաջին պարտությունը կրեց` հնարավորություն տալով մրցակիցներին ընդհուպ մոտենալ իրեն:
12-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց չինացի Վանգ Յուի հետ: Այս պարտիայում ֆավորիտ էր համարվում Արոնյանը, սակայն հայ գրոսմայստերը բավարարվեց կես միավորով: Վերջին 4 տուրերում Լեւոնին ոչ մի կերպ չի հաջողվում հաղթել մրցակիցներին: Այժմ Արոնյանը 6 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը 7 միավորով շարունակում է գլխավորել Ալեքսանդր Գրիշչուկը, որը այս տուրում սեւերով պարտվեց նորվեգացի Մագնուս Կառլսենին: Սա Գրիշչուկի առաջին պարտությունն էր, որը կարող է ճակատագրական լինել ռուս շախմատիստի համար: Վասիլի Իվանչուկը եւ Կառլսենը արդեն 6.5-ական միավոր ունեն եւ ընդամենը կես միավորով են զիջում առաջատարին: 13-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցելու է Վասիլի Իվանչուկի հետ, որին սպիտակներով զիջել էր առաջին շրջանում: Արոնյանի եւ Իվանչուկի միջեւ պարտիաները սովորաբար ավարտվում են արդյունավետ ելքով: Տուրի կենտրոնական պարտիան կկայանա աշխարհի չեմպիոն Անանդի եւ Գրիշչուկի միջեւ: 13-րդ տուրից հետո արդեն որոշակիորեն պարզ կդառնա, թե ով է դառնալու հեղինակավոր մրցաշարի 2009 թ. հաղթողը: