Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանի առաջին պարտությունը

Սպորտ

Լինարեսի սուպերմրցաշարում Լեւոն Արոնյանը կրեց իր առաջին պարտությունը: Այն կարող է վճռորոշ լինել Լեւոնի համար, քանի որ հայ գրոսմայստերը զիջեց մրցաշարի առաջատարներից մեկին` Ալեքսանդր Գրիշչուկին:

6-րդ տուրից այս պարտիայից առաջ Արոնյանը եւ Գրիշչուկը 3.5-ական միավորով գլխավորում էին մրցաշարային աղյուսակը: Հաղթանակը կողմերին ապահովում էր առաջատարի դերը: Արոնյանը ելույթ էր ունենում սեւերով եւ պարտվելով այս պարտիայում` նահանջեց 3-րդ հորիզոնական: Իսկ Գրիշչուկը 4.5 միավորով դարձավ միանձնյա առաջատար:

Նորվեգացի Մագնուս Կառլսենը սպիտակներով առավելության հասավ Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Հաղթելով աշխարհի չեմպիոնին` Կառլսենը 3.5 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում: Իվանչուկ-Դոմինգես, Յու-Ռաջաբով պարտիաներում գրանցվեց խաղաղ ելք:

Անհաջող ավարտ

Մոսկվայում ավարտվեց ՚Աերոֆլոտիՙ ավանդական մրցաշարը, որի վերջին տուրում Արման Փաշիկյանը պարտություն կրեց եւ զրկվեց A1 խմբում մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից: Փաշիկյանը 6 միավորով գրավեց 9-րդ հորիզոնականը: Ավելի անհաջող հանդես եկավ Գաբրիել Սարգսյանը, որը 5.5 միավորով ընդամենը 14-րդն է: Հայաստանի մյուս ներկայացուցիչները ավելի համեստ արդյունքներ ունեցան:

A2 խմբում 7 միավորով 2-րդ հորիզոնականում հայտնվեց ԱՄՆ-ն ներկայացնող Մելիքսեթ Խաչիյանը: Նույնքան միավոր էր վաստակել նաեւ հաղթող ճանաչված Ալեքսանդր Դանինը, որը լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց Խաչիյանին:

B խմբում հայ շախմատիստները մեդալի չարժանացան, իսկ C խմբի հաղթող դարձավ Աղասի Ինանցը, որը վաստակեց 7 միավոր: