'Լավ հերթափոխ ունենք'
Աջակցիր «Ա1+»-ինԾանրամարտի Հայաստանի հավաքականի կազմում 2009 թ. Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 8 ծանրորդներ եւ 3 ծանրորդուհիներ: Այդ մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
՚Հայաստանի 2009 թ. մեծահասակների առաջնության արդյունքների հիման վրա արդեն ձեւավորվում են ազգային հավաքականները, որոնք մարտ ամսին նախապատրաստվելու են ապրիլի 4-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքականում կլինեն նաեւ երիտասարդ ծանրորդներ, որոնք իրենց լավ են դրսեւորել առաջնության ընթացքում: Առաջնությունը ցույց տվեց, որ լավ հերթափոխ ունենքՙ,-նշեց Փաշիկ Ալավերդյանը:
Մրցակցությունը բավական մեծ է տղամարդկանց պայքարում, որտեղ յուրաքանչյուր քաշային կարգում հավաքականի հիմնական կազմում տեղ ունենալու համար պայքարում են 2-3 մարզիկներ: Թվում էր 85 կգ քաշային կարգում հավաքականում երաշխավորված է 2008 թ. ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2008 թ. Եվրոպայի չեմպիոն Տիգրան Վ. Մարտիրոսյանի տեղը, սակայն այս քաշային կարգում, ըստ Փաշիկ Ալավերդյանի, իրենց ավելի լավ են դրսեւորել երիտասարդները. ՚Մրցակցությունը մեծ է այս քաշային կարգում: Հավաքականի կազմում հավաքի կմասնակցեն Արամ Ադրիկյանը, որը դարձավ Հայաստանի չեմպիոն, ինչպես նաեւ Աղվան Մելիքյանը եւ Գեւորգ Պողոսյանը, որոնք ընդգրկվեցին լավագույն եռյակում: Տիգրան Վ. Մարտիրոսյանի մասնակցությունը դեռ հարցականի տակ է: 85 կգ քաշայիններից միայն 2-ն են մասնակցելու Եվրոպայի առաջնությանըՙ:
Հավաքականի նորեկներից կարելի է առանձնացնել 62 կգ քաշային Վանիկ Ավետիսյանին, 69 կգ քաշային Առաքել Միրզոյանին, 77 կգ Արայիկ Միրզոյանին, որոնք լավ արդյունքներ են ցույց տվել եւ կարող են Եվրոպայի առաջնությունում պայքարել մեդալների համար: Գերծանր քաշային կարգում մրցակցությունից դուրս է Ռուբեն Ալեքսանյանը, որը եւս առաջին անգամ ելույթ կունենա մեծահասակների հավաքականում:
՚Հավաքականը ընդլայնված կազմով մարտի 2-15-ը Ծաղկաձորում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Դրանից հետո մարզչական խորհուրդը կընտրի վերջնական կազմը, որը Եվրոպայի առաջնությանը կշարունակվի նախապատրաստվել Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքում գործող մարզաբազայում: Հենց այնտեղից էլ մեր ընտրանին ուղեւորվի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստՙ,-հայտնեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
Կանանց հավաքականում կլինեն 3 մարզուհիներ, որոնք առայժմ մրցակցությունից դուրս են: Խոսքը Մելինե Դալուզյանի, Նազիկ Ավդալյանի եւ Հռիփսիմե Խուրշուդյանի մասին է: Այս ծանրորդուհիները մարտի 2-15-ը հավաքի կմասնակցեն Աբովյանում, ապա ուղեւորվեն Թեոդոսիա, որտեղից էլ կմեկնեն Ռումինիա: