Դիմեց փորձառուների օգնությանը
Աջակցիր «Ա1+»-ինՁյուդոյի Հայաստանի հավաքականը այսօր երեկոյան մեկնում է Լեհաստան` մասնակցելու փետրվարի 28-ին մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլին: Եթե առաջին փուլում հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանը հնարավորություն էր տվել ասպարեզ դուրս գալ երիտասարդներին, ապա այս անգամ ազգային թիմը մարտական կազմով կմասնակցի գավաթի խաղարկությանը:
Կրկին հավաքականում են Հայաստանի առաջատար ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանը եւ Արմեն Նազարյանը: Դավթյանը հանդես կգա 60 կգ քաշայինների պայքարում, որտեղ ելույթ կունենա նաեւ Արթուր Սրապյանը: Վերջինս Հայաստանի 2009 թ. գավաթի խաղարկությունում բավարարվեց ընդամենը 3-րդ հորիզոնականով, սակայն մարզիչները դարձյալ վստահել են Սրապյանին:
66 կգ քաշայինների պայքարում ելույթ կունենան Արմեն Նազարյանը եւ Համբարձում Տոնոյանը: Այս մարզիկները հանդիպել են միմյանց Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում, որտեղ անսպասելիորեն հաջողության հասավ Տոնոյանը: 73 կգ քաշայինների պայքարում ելույթ կունենա Հայաստանի գավաթակիր Արտյոմ Բաղդասարյանը:
Հայաստանի հավաքականը հունվարին Թբիլիսում մասնակցել էր աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլին, որտեղ մեր ընտրանին բավական անհաջող ելույթ ունեցավ` չկարողանալով նվաճել որեւէ մեդալ:
Տղամարդկանց գավաթի խաղարկությանը զուգահեռ Չեխիայում կկայանա կանանց աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլը: Հայաստանը այս անգամ ներկայացուցիչ չի ունենա, քանի որ Անուշ Հակոբյանը վիզայի խնդիր է ունեցել եւ մրցավայր չի մեկնի: Հակոբյանը հունվարին Բուլղարիայում մասնակցել էր գավաթի խաղարկության առաջին փուլին, որտեղ պայքարից դուրս էր մնացել հենց առաջին փուլից: