Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկազմակերպ փառատոն Լեհաստանում

Սպորտ

՚Լեհաստանում կայացած Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնը բավական վատ էր կազմակերպված եւ այս փաստը արձանագրեցին բոլոր պատվիրակությունները: Թե սնունդը, թե տրանսպորտը եւ մյուս ծառայությունները վատ էին մատուցվումՙ,-՚Ա1+ՙ-ի հետ զրույցում նշեց սպորտի եւ երիտասարդության նախարարության բաժնի վարիչ Ռոբերտ Ջանիբեկյանը:

Վերջինիս գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունը մասնակցել էր Լեհաստանի Սլասկ-Բեսկդի քաղաքում կայացած Եվրոպայի 2009 թ. ձմեռային օլիմպիական երիտասարդական փառատոնին: Ջանիբեկյանը ընդգծեց, որ մրցավայր հասնելու համար մարզիկները ստիպված են եղել 2 ժամ ճանապարհ անցնել. ՚Հյուրանոցային համալիրը, որը ավելի շուտ հանրակացարան էր, բավական հեռու էր մրցավայրից: Յուրաքանչյուր մարզում անցկացնելուց 2 ժամ էր պահանջվում տեղ հասնելու համար: Նախընտրում էին մարզումից հետո մնալ մրցավայրում, մինչեւ մրցումների սկսվելը, քանի որ այդքան ժամանակ ճանապարհին տրամադրել անիմաստ էրՙ:

Հայաստանի կազմում ելույթ ունեցած 11 մասնակիցներից սպասելիքները մեծ չէին, քանի որ ձմեռային մարզաձեւերը Հայաստանում մասսայականություն չեն վայելում կամ գտնվում են կայացման փուլում: ՚Նախորդ տարիների համեմատ որոշակի առաջընթաց կա: Մասնավորապես ուրախացրեց դահուկորդ Սերգեյ Միքայելյանը, որը կայուն արդյունքներ ցույց տվեց: Բիաթլոնում մեր մասնակիցը անփորձ էր եւ դա խանգարեց նրան լավ արդյունքի հասնելՙ,-ասաց Ռոբերտ Ջանիբեկյանը:

Ձմեռային հաջորդ օլիմպիական փառատոնը կայանալու է 2011 թ. Չեխիայի Լիբերեց քաղաքում: Այս ստուգատեսին, ըստ Ջանիբեկյանի, կարելի է ավելի լավ արդյունքներ ակնկալել.՚Սպասելիքներ կարող են ունենալ դահուկային սպորտից եւ գեղասահքից: Հունվարին ՀՕԿ-ի աջակցությամբ Հայաստան էր հրավիրվել դահուկային սպորտի բարձրակարգ մասնագետ, որը վերապատրաստեց Հայաստանի լավագույն մարզիչներին եւ նրանք ստացան համապատասխան արտոնագիր: Քայլեր ձեռնարկվում են ձմեռային մարզաձեւերում արդյունքները բարելավելու ուղղությամբՙ:

Իսկ ամռանը Ֆինլանդիայում կկայանա Եվրոպայի ամառային երիտասարդական օլիմպիական փառատոնը: Այստեղ արդեն Հայաստանի ներկայացուցիչները պայքարելու են բարձր հորիզոնականների համար: ՚Կմասնակցեն ձյուդոյի, թենիսի, մարմնամարզության եւ հեծանվասպորտի ներկայացուցիչները: Սպասելիքները անհամեմատ մեծ են լինելու: Փառատոնը կայանալու է հուլիսին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքումՙ,-նշեց Ռոբերտ Ջանիբեկյանը: