Ձյուդոիստները նվաճեցին 5 մեդալ
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանում կայացած ձյուդոյի երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալի են արժանացել: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի երիտասարդական հավաքականները:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի քարտուղարությունում ՚Ա1+ՙ-ին հայտնեցին, որ մրցաշարին մասնակցել են Հայաստանի 12 ներկայացուցիչներ: Առավել հաջող է ելույթ ունեցել 55 կգ քաշային Դավիթ Մկրտչյանը, որը նվաճել է ոսկե մեդալ: Նույն քաշային կարգում Գոռ Հարությունյանը արժանացել է բրոնզե մեդալի:
Առաջին տեղին մոտ է եղել նաեւ 60 կգ քաշային Տիգրան Վարոսյանը, որը եզրափակիչում պարտվել է մրցակցին եւ արժանացել արծաթե մեդալի: Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել նաեւ ծանր քաշային կարգերում: 100 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալի է արժանացել Ազատ Աբրահամյանը, իսկ 100-ից բարձր քաշայինների պայքարում 3-րդ տեղում է հայտնվել Արտուշ Մկրտչյանը:
Մարտին Հայաստանի երիտասարդական հավաքականը կմարզվի Երեւանում: Միջազգային մրցաշարեր նախատեսված են ապրիլին: Մասնավորապես ապրիլի 18-23-ը Հայաստանը Էստոնիայի Տարտու քաղաքում կանցկացնի ուսումնամարզական հավաք եւ այդ ընթացքում կմասնակցի նաեւ միջազգային մրցաշարի: Տարտուից հայ ձյուդոիստները ուղեւորվեն Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք` Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրիլի 25-30-ը կկայանա մեկ այլ միջազգային մրցաշար:
Հայաստանի երիտասարդական հավաքականն առաջիկա ամիսներին կայանալիք մրցաշարերում նախապատրաստվելու է սեպտեմբերին Երեւանում կայանալիք Եվրոպայի 2009 թ. երիտասարդական առաջնությանը, որը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: