Աշոտ Դանիելյանի ռեկորդը գերազանցվեց
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանում այսօր ավարտվեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որոնցում գրանցվեցին նաեւ հանրապետության նոր ռեկորդներ: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ՚Ա1+ՙ հայտնեց, որ ռեկորդները բարելավել են ծանր քաշային կարգերում:
Մասնավորապես` գերծանր քաշային կարգում Ռուբեն Ալեքսանյանը, պոկում վարժությունում բարձրացնելով 190 կգ, սահմանել է Հայաստանի երիտասարդների նոր ռեկորդը: Նախկին ռեկորդը պատկանում էր Աշոտ Դանիելյանին: Ալեքսանյանը ռեկորդ է սահմանել նաեւ երկամարտի 369 կգ արդյունքով: Երիտասարդ ծանրորդը, դառնալով Հայաստանի մեծահասակների չեմպիոն, հավանաբար կընդգրկվի ազգային հավաքականում:
Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց նաեւ 105կգ քաշային Արթուր Բաբայանը, որը պոկում վարժությունում բարձրացրեց 181 կգ եւ 1 կգ-ով բարելավեց նախկին ռեկորդը: Այս քաշային կարգում Բաբայանը չեմպիոնի կոչումը նվաճեց նաեւ երկամարտի արդյունքում:
2008 թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Վ. Մարտիրոսյանը ձախողվեց: 85 կգ քաշայինների պայքարում Տիգրանը պոկում վարժությունում ստացավ 0: Չեմպիոնի կոչումը նվաճեց երիտասարդ ծանրորդ Արամ Ադրիկյանը: Օլիմպիական խաղերի մեկ այլ մեդալակիր Տիգրան Գ. Մարտիրոսյանը առաջին անգամ հանդես եկավ 77 կգ քաշայինների պայքարում: Մարտիրոսյանի նորամուտը այս քաշային կարգում հաջող ստացվեց: Մարտիրոսյանը դարձավ չեմպիոն:
56 կգ քաշայինների պայքարում չեմպիոն դարձավ Վարազդատ Սեպոյանը, 62 կգ քաշային կարգում` Վանիկ Ավետիսյանը, 69 կգ քաշային կարգում` Գեւորգ Կակոյանը, 94 կգ-ում` Էդգար Գեւորգյանը:
Կանանց պայքարում անակնկալներ չգրանցվեցին: Ինչպես միշտ Մելինե Դալուզյանը մրցակցությունից դուրս էր 63 կգ քաշայինների պայքարում: Նազիկ Ավդալյանը չեմպիոն դարձավ 75 կգ-ում, Հռիփսիմե Խուրշուդյանը` 75կգ-ից բարձր քաշում: