Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերընտրվեց եւս 2 տարով

Սպորտ

Հայաստանի հանդբոլի (ձեռքի գնդակ) ֆեդերացիայի նախագահի պաշտոնում է վերընտրվել ներկայիս նախագահ Սարգիս Գրիգորյանը: Հանդբոլի ֆեդերացիայում ՚Ա1+ՙ հայտնեցին, որ Գրիգորյանը վերընտրվել է եւս 2 տարով:

Արդեն 6-րդ տարին է` Սարգիս Գրիգորյանը գլխավորում է հանդբոլի ֆեդերացիան: Նախկին հանդբոլիստը ներկայումս աշխատում է նաեւ որպես ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ:

Ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կայացել է հանդբոլի ֆեդերացիայի ամփոփիչ կոնֆերանսում, որի ընթացքում ամփոփվել է նախորդ 2 տարիներին կատարված աշխատանքները: Քննարկվել են նաեւ մարզաձեւի զարգացմանը ուղղված ծրագրեր: Ներկայումս հանդբոլը Հայաստանում ինչպես եւ մի շարք այլ թիմային մարզաձեւեր գտնվում են խորը ճգնաժամի մեջ: Մեծահասակների ազգային հավաքականները միջազգային մրցաշարերի չեն մասնակցում, առաջնությունները անցկացվում են մի քանի օրում:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների` իրավիճակը շտկելու համար ֆեդերացիան ցանկանում է Երեւանում անցկացնել միջազգային մրցաշար եւ հետաքրքրություն առաջացնել մարզաձեւի նկատմամբ: Մրցաշարը նախատեսվում է անցկացնել մայիսին Երեւանում եւ այն պետք է կրի ՚Վարչապետի գավաթՙ անունը: Այս լուրը ֆեդերացիայում չհերքեցին` նշելով, որ դեռ ոչինչ հայտնի չէ: