Անարդյունք հաղթանակ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտզալի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում 8:5 հաշվով առավելության է հասել Էստոնիայի հավաքականի նկատմամբ: Ցավոք, այս հաղթանակը ոչ մի նշանակություն չուներ Հայաստանի համար:
Նախքան այս կայացած Բուլղարիայի (3:3) եւ Լատվիայի (0:7) հետ հանդիպումներում Հայաստանի հավաքականը վաստակել էր ընդամենը 1 միավոր եւ կորցրել հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը: 3-րդ տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած հավաքականը պարզապես պետք է վերականգներ սասանված հեղինակությունը Լատվիայից կրած գերխոշոր հաշվով պարտությունից հետո:
Էստոնիայի հետ մրցավեճում հայ ֆուտբոլիստները բացահայտ առավելություն ունեին եւ գրանցված 8:5 հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել: Հաղթելով այս խաղում` Հայաստանը 4 միավորով հանգրվանեց 3-րդ հորիզոնականում: 4 միավոր էր վաստակել նաեւ Բուլղարիան, որը սակայն գնդակների ավելի դրական տարբերության շնորհիվ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Ընտրական խմբի հաղթող դարձավ Լատվիան, որը 3 հանդիպումներում վաստակեց 9 միավոր:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ մրցաշարի մասին իր կարծիքը կհայտնի, երբ մեր ընտրանին վերադառնա Հայաստան: