Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշիկյանը հաղթեց ադրբեջանցուն

Սպորտ

Շախմատի Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը Մոսկվայում ընթացող ՚Աերոֆլոտիՙ մրցաշարի A1 խմբում պարտության է մատնել Ադրբեջանի ներկայացուցիչ Էլտաջ Սաֆարլիին: 6-րդ տուրի այս պարտիայում հաղթելով մրցակցին` Փաշիկյանը 4.5 միավորով դուրս եկավ 3-րդ հորիզոնական:

Հայաստանի ներկայացուցիչների շարքում Փաշիկյանը արդյունքն առայժմ լավագույնն է, իսկ մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է Իգոր Կուրնոսովը (Ռուսաստան): Առաջատարներին մոտենալու լավ հնարավորություն ուներ Գաբրիել Սարգսյանը, սակայն Հայաստանի հավաքականի խաղացողը այս տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Ալեքսանդր Մոյիսենկոյի հետ: Սարգսյանը 4 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում:

Հայաստանի հավաքականի այլ խաղացողներ Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Պետրոսյանը 3.5-ական միավորով ընթանում են 22-28-րդ հորիզոնականներում:

A2 խմբում մրցաշարային աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ) եւ Դավիթ Պետրոսյանը: 7-րդ տուրում հայ շախմատիստները մրցելու են միմյանց հետ: A2 մյուս հայ շախմատիստները առայժմ մրցանակային տեղերի չեն հավակնում:

B խմբում մրցանակային տեղերի համար պայքարում են Վահե Բաղդասարյանը եւ Հայկ Վարդանյանը, որոնք վաստակել են 5-ական միավոր եւ ընթանում են 8-9-րդ տեղերում:

C խմբում Սարգիս Մանուկյանը, Աղասի Ինանցը, Առնոլդ Մինասյանը եւ Սարգիս Սարգսյանը 5.5-ական միավորով ընթանում են 2-5-րդ հորիզոնականներում: