Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը հաղթում է եւս մեկ չեմպիոնի

Սպորտ

Իսպանիայում ընթացող Լինարեսի սուպերմրցաշարի 4-րդ տուրից ավարտից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը եւ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկը: 4-րդ տուրում Արոնյանը իր 2-րդ հաղթանակն է տոնել մրցաշարում:

Ավանդական մրցաշարի 4-րդ տուրի 4 պարտիաներից միայն մեկում գրանցվեց ոչ-ոքի: Խաղաղությամբ բաժանվեցին Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) եւ Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա): Իսկ ահա մյուս 3 պարտիաներում գրանցվեց արդյունավետ ելք:

Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց արագ շախմատի աշխարհի չեմպիոն Լեյնիեր Դոմինգեսին (Կուբա): Պարտիան բարդ ընթացք ունեցավ, սակայն Արոնյանը խաղավերջում կարողացավ առավելության հասնել կուբացու նկատմամբ: Մինչ այս Լեւոնը հաղթել էր նաեւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին եւ ոչ-ոքի խաղացել Կառլսենի եւ Ռաջաբովի հետ:

Թվում էր` Դոմինգեսի նկատմամբ տարած հաղթանակը Արոնյանին կապահովեր առաջին հորիզոնականը, սակայն հայ շախմատիստից ետ չմնաց ծնունդով երեւանցի Ալեքսանդր Գրիշչուկը, որը սեւերով առավելության հասավ Թեմուր Ռաջաբովի նկատմամբ (Ադրբեջան): Հնդիկ Վիշվանաթան Անանդը սպիտակներով պարտության մատնեց չինացի Վանգ Յուին եւ 2.5 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում: