«ԱԵՐՈՖԼՈՏՈՒՄ» ՀԱՅԵՐԸ ՄԵԾ ԹԻՎ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանի մի շարք ուժեղագույն շախմատիստներ վաղվանից ելույթ կունենան Մոսկվայի «Աերոֆլոտ օփեն» ավանդական մրցաշարում: Հայաստանի պատվիրակության կազմում Մոսկվա են մեկնել 26 հայ շախմատիստներ, որոնց ելույթ կունեն A1, A2, B եւ C խմբերի մրցաշարերում:
A1 խմբում ընդգրկված են առավել բարձր վարկանիշ ունեցողները: Հայաստանը կներկայացնեն օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը եւ Արտաշես Մինասյանը, օլիմպիական մեկ այլ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը, ինչպես նաեւ Տիգրան Թոթանջյանը, Զավեն Անդրեասյանը, Հրանտ Մելքումյանը, Լեւոն Բաբուջյանը եւ Ավետիք Գրիգորյանը: Այս խմբի մրցանակային հիմնադրամը կազմել է 70 հազար եվրո:
A2 խմբում են հանդես գալու Արա Մինասյանը, Դավիթ Պետրոսյանը եւ Դավիթ Քալաշյանը: A2 խմբի մրցաշարում մրցանակային հիմնադրամը 36 հազար եվրո է:
Իսկ ահա B եւ C խմբերում Հայաստանը կներկայացնեն մի խումբ պատանի շախմատիստներ:
Մոսկվայում ելույթ կունենան նաեւ հայ շախմատիստներ, որոնց հանդես են գալիս այլ երկրների դրոշների ներքո: Մասնավորապես` ԱՄՆ-ի հավաքականի անդամ Վարուժան Հակոբյանը հանդես կգա A1 խմբի մրցաշարում, որտեղ նրա մրցակիցների թվում կլինի նաեւ Ուկրաինան ներկայացնող Յուրի Հայրապետյանը:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմել է 180 հազար եվրո: