ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Հոկեյի Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը 1:0 հաշվով առավելության է հասել Վրաստանի մեծահասակների հավաքականի նկատմամբ: Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը «Ա1+»-ին հայտնեց, որ հայ հոկեյիստները Վրաստանում անցկացրել են ուսումնամարզական հավաք եւ մրցել վրացական թիմերի հետ:
Հայտնի է, որ 2009թ. Հայաստանի հավաքականները ընտրական մրցաշարերի չեն կարող մասնակցել, քանի որ նախորդ տարի 1 տարով որակազրկվել էին միջազգային ֆեդերացիայի կողմից: Այս բացը լրացնելու համար Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը մեկնել էր Վրաստան:
«Հավաքականի կազմում ընդգրկված չէին լեգեոներներ: Մենք ցանկանում էինք փորձարկել հայկական թիմերում ելույթ ունեցող պատանիներին եւ տեսնել, թե ովքեր կարող են առաջիկայում համալրել Հայաստանի ազգային հավաքականը: Կարծում եմ` մեծահասակների հավաքականում առաջիկայում կընդգրկվի դարպասապահ Հարություն Բալույանը, որը Վրաստանում շատ լավ է դրսեւորել իրեն»,-նշեց Կարեն Խաչատրյանը:
Վրաստանի ազգային հավաքականին 1:0 հաշվով հաղթելուց հետո հայ պատանիները մրցել են «Բակուրիանի» թիմի հետ եւ զիջել 0:3 հաշվով: Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը հանդիպել է նաեւ Թբիլիսիի ակումբային հավաքականին եւ պարտվել 0:4 հաշվով: Իսկ «Թբիլիսի» թիմին հայ պատանիները հաղթել են 3:2 հաշվով:
«Կարծում եմ` պատանիները լավ են հանդես եկել, քանի որ մրցել են մեծահասակների հետ: Այս հավաքը շատ օգտակար էր մեզ համար, քանի որ միանգամից 4 ստուգողական ելույթ ունեցանք: Տղաներից շատերի համար սա փորձ ձեռք բերելու լավ առիթ էր»,- եզրափակեց ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը: