ՄԵՐՁԲԱԼԹՅԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԲԱԼԿԱՆՆԵՐՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնեց Բուլղարիայի Վառնա քաղաք, որտեղ փետրվարի 19-ից 22-ը կմասնակցի Եվրոպայի 2010թ. առաջնության ընտրական փուլի մրցաշարին: Հաջորդ փուլ դուրս գալու համար հայ ֆուտբոլիստներին անհրաժեշտ է հաղթել B խմբի ընտրական փուլում:
Խնդիրը առանձնապես բարդ չէ, քանի որ այս խմբում են ընդգրկված նաեւ Լատվիայի, Էստոնիայի եւ Բուլղարիայի հավաքականները: Հայաստանի մրցակիցները ֆուտզալում մեծ հաջողությունների երբեք չեն հասել: Առավել ուժեղ մրցակից կարելի է համարել Լատվիային, իսկ ահա Էստոնիան եւ Բուլղարիան դասվում են Եվրոպայի թույլ հավաքականների շարքին:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը 14 ֆուտբոլիստների ընտրեց, որոնք հավաքականի հետ ուղեւորվեցին Բուլղարիա: Խաղացողներից միանգամից 9-ը ներկայացնում են «Թալ Գրիգը», որը դարձյալ մարզում է Ռուբեն Նազարեթյանը: Այս հավաքականում հավաքականում են ընդգրկված 2 լեգեոներներ` Էռնեստ Ակոպովը («Իբերիա», Վրաստան) եւ Արմեն Դանիելյանը («Արարատ», Կիպրոս): Հավաքականին այդպես էլ չմիացավ Բեյրութի «Հոմենմենի» խաղացող Էդգար Կիրակոսյանը: Վերջինիս Հայաստան ժամանել թույլ չէին տվել ակումբի ղեկավարները:
Հայաստանի հավաքականը ընդհանուր առմամբ մարտական կազմ է հավաքել, սակայն անհանգստացնում է այն հանգամանքը, որ մինչեւ Վառնա մեկնելը չէր անցկացվել ուսումնամարզական հավաք: Ընդամենը 2 օր օրական 1-ական մարզում անցկացնելով` հավաքականը մեկնեց Վառնա:
Իսկ ահա Հայաստանի հավաքականի մրցակիցները փետրվար ամսին ավելի լուրջ են նախապատրաստվել ընտրական մրցաշարին: Մասնավորապես Բուլղարիան մի շարք ստուգողական հանդիպումներ է անցկացրել այլ երկրի հավաքականների հետ: Լատվիան եւ Էստոնիան նախապատրաստվել են Մերձբալթիայում եւ ունեցել մի քանի ընկերական հանդիպումներ: Հայաստանի հավաքականը իր առաջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 19-ին: Երեւանի ժամանակով 21:30-ին Հայաստանի մրցակիցը կլինի Բուլղարիան: