Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՐԱՄՅԱՆԻ «ԳԻՆԸ» ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

Սպորտ


Հայաստանի հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստների արժեքը ըստ գերմանական «Տրանսֆեր Մարկետ» ընկերության վերջին ամիսների ընթացքում ավելացել է շուրջ 1 մլն եվրոյով: Սակայն ՈՒԵՖԱ-ի անդամ 53 հավաքականների շարքում Հայաստանը 6.4 մլն եվրոյով նահանջել է եւ այժմ զբաղեցնում է ընդամենը 46-րդ հորիզոնականը:


Գերմանական ընկերության տվյալներով` Հայաստանի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը Արտավազդ Քարամյանն է: Եթե 2008թ. նոյեմբերին Արտավազդի տրանսֆերը գնահատվում էր 1.8 մլն եվրո, ապա այժմ ռումինական «Տիմիշոարայում» հանդես եկող կիսապաշտպանը արժե 3.1 մլն եվրո:


Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստները անհամեմատ էժան տրանսֆերային գին ունեն: Մասնավորապես` Ռոման Բերեզովսկին, Ռոբերտ Զեբելյանը, Էդգար Մանուչարյանը, Արարատ Առաքելյանը եւ Արման Քարամյանը միասին «Տրանսֆեր Մարկետի» տվյալներով արժեն 2 մլն եվրո:


ՈՒԵՖԱ-ի անդամների շարքում Հայաստանը առաջ է անցել միայն Մալթայի, Լիխտենշտեյնի, Ղազախստանի, Անդորրայի, Ֆարերների, Լյուքսեմբուրգի եւ Սան Մարինոյի հավաքականներից: Իսկ ահա Ադրբեջանը, որը նախորդ տարի զիջում էր մեզ, այժմ 6.6 մլն եվրոյով 45-րդն է:


Աղյուսակի առաջին հորիզոնականում է Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, որի արժեքը կազմել է 422 մլն եվրո: Իսպանացիների կազմում ամենաթանկ ֆուտբոլիստներն են Ֆերնանդո Տորեսը եւ Խավին (40-ական մլն եվրո):


Ռուսաստանի հավաքականը 146.5 մլն եվրոյով եզրափակում է լավագույն տասնյակը, իսկ Վրաստանի հավաքականը 27 մլն-ով 38-րդն է: Վրացիների ամենաթանկ ֆուտբոլիստը կրկին Կախաբեր Քալաձեն է (7 մլն), որը ելույթ է ունենում իտալական «Միլանում»: