ՄԵԼԻՔՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԳՆԵՑԻՆ ԻՍՊԱՆԱՑՈՒՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Եղիշե Մելիքյանը Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի չի վերադառնա: Հայ պաշտպանի փոխարեն ուկրաինացիները նախընտրել են իսպանացի ֆուտբոլիստ Ժոաո Պեդրո Դոս Սանթոսին: Վերջինս, ինչպես եւ Մելիքյանը, ձախ պաշտպան է եւ հանդես էր գալիս պորտուգալական «Բելենենսեշում»:
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը տարիներ առաջ ելույթ էր ունենում Դոնեցկի «Մետալուրգում», որտեղից Երեւանի «Բանանց» վերադարձավ 2007թ.: Նախորդ 2 տարիներին Մելիքյանը ելույթ էր ունենում «Բանանցում», սակայն 2008թ. Հայաստանի առաջնության ավարտից հետո հայ ֆուտբոլիստը ստացավ ազատ խաղացողի կարգավիճակ եւ հեռացավ թիմից:
Վերջին շրջանում Մելիքյանը մարզվում էր Դոնեցկի «Մետալուրգի» հետ, որը մարզվում է «Բանանցի» նախկին գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը:
«Մետալուրգը», որի սեփականատերերից է նաեւ հայ գործարար Օլեգ Մկրտչյանը, ներկայումս հավաք է անցկացնում Իսպանիայում, որտեղ վերջնականապես որոշվել է Մելիքյանի հետագա ճակատագիրը: Ուկրաինական ակումբը որոշել է պայմանագիր կնքել իսպանացի պաշտպան Դոս Սանթոսի հետ, իսկ Մելիքյանը այժմ ստիպված է նոր թիմ փնտրել:
Հիշեցնենք, որ «Մետալուրգում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արարատ Առաքելյանը, իսկ Սամվել Մելքոնյանը հունվարին ուկրաինական թիմից վերադարձավ «Բանանց»: