ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ. ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՀԱՄԵՍՏ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանը 11 ներկայացուցիչ կունենա Լեհաստանի Սլասկ-Բեսկիդի քաղաքում մեկնարկելիք Եվրոպայի երիտասարդական 9-րդ ձմեռային օլիմպիական փառատոնում: Հայաստանի պատվիրակությունը ՀՕԿ-ի բաժնի վարիչ Ռոբերտ Ջանիբեկյանի գլխավորությամբ վաղը առավոտյան կմեկնի մրցավայր:
Նախքան մրցավայր մեկնելը օլիմպիական փառատոնի մասնակիցներին ընդունել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը եւ հետաքրքրվել նրանց մարզավիճակով:
Հայաստանի ներկայացուցիչները հանդես կգան միայն դահուկավազքում, լեռնադահուկային սպորտում, բիաթլոնում եւ գեղասահքում: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղկ ունենա կիրակի օրը` փետրվարի 15-ին:
«Պատվիրակության կազմում ընդգրկված են 17 հոգի, որոնց թվում` 11 մարզիկ: Կոնկրետ որեւէ սպասելիքներ չունենք: Թերեւս գեղասահքում հանդես եկող Սարգիս Հայրապետյանը կարող է պայքարել լավագույն 15 մարզիկների ցանկում հայտնվելու համար»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Ջանիբեկյանը:
Ի դեպ, հուլիսի 18-25-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կկայանա Եվրոպայի երիտասարդական ամառային օլիմպիական փառատոնը: Հայաստանը այս փառատոնին կունենա ավելի ներկայացուչական կազմ: Պատվիրակության կազմում կլինեն 30 հոգի, որոնցից 22-ը մարզիկներ: