Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՆՈՐԵԿՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՄՐԱՆԱՆ»

Սպորտ


«Երիտասարդ ֆուտբոլիստները դեռ պետք է հանդես գան երիտասարդական հավաքականում, փորձ ձեռք բերեն, ամրանան, իսկ հետագայում արդեն կարող են օգնել հավաքականին»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Վարդան Մինասյանը` խոսելով երեկ կայացած Հայաստան-Լատվիա (0:0) ընկերական հանդիպման մասին:


Հայաստանի հավաքականն արդեն վերադարձել է Երեւան, իսկ ֆուտբոլիստները պատրաստվում են մարզումները շարունակել իրենց ակումբների կազմում: Լատվիայի հետ մրցավեճում մարզիչները հնարավորություն են տվել խաղադաշտ դուրս գալ մի շարք երիտասարդ խաղացողների, որոնք, ըստ Վարդան Մինասյանի, լավ տպավորություն են թողել. «Թեկուզ քիչ ժամանակով, սակայն խաղադաշտում լինելու հնարավորություն նորեկները ստացան: Դժվար է միանգամից հավաքականում հանդես գալը: Նրանց դեռ ժամանակ է պետք: Բայց առաջին տպավորությունը լավ էր»:


Վարդան Մինասյանը հայտնեց, որ Հայաստանի հավաքականը մրցակցին գերազանցեց 2-րդ կեսում եւ մեկ անգամ չէ, որ կարող էր առաջ անցնել հաշվի մեջ. «Հանդիպման 2-րդ խաղակեսում ամբողջությամբ տիրում էինք նախաձեռնությանը, եւ խաղը անցավ միայն Լատվիայի կիսադաշտում: Ունեցանք դարպասը գրավելու 4 ռեալ հնարավորություն, որոնցից 3-ում կարող էր աչքի ընկել Հենրիխ Մխիթարյանը: Եվս գոլային հնարավորություն ուներ Արսեն Բալաբեկյանը: Նշեմ նաեւ, որ առաջին կեսում Լատվիան ունեցավ ռեալ պահ, սակայն հաջող հանդես եկավ մեր հավաքականի դարպասապահ Գեւորգ Կասպարովը»:


Հաջորդ հանդիպումը Հայաստանը անցկացնելու է մարտին 28-ին Երեւանում` Էստոնիայի հետ: Ընտրական այս հանդիպմանը Հայաստանի հավաքականում նոր անուններ չեն սպասվում:


«Դժվար թե նոր ֆուտբոլիստներ լինեն հավաքականում: Միգուցե մեզ միանա Հովհաննես Գոհարյանը, որը ներկայումս անորոշ վիճակում է: Կլինեն այն խաղացողները, որոնք վերջին շրջանում հրավիրվել են հավաքականում: Իսկ ավելի կոնկրետ պարզ կլինի մարտ ամիսն»,-եզրափակեց Վարդան Մինասյանը: