ՍԵՐԲԵՐԸ ՖՈՒՏԲՈԼ ԿԽԱՂԱՆ ԿԱՊԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Կապանի «Գանձասարը» առաջիկա մրցաշրջանին նախապատրաստվելիս 2-րդ ստուգողական հանդիպում է անցկացրել: Սամվել Պետրոսյանի սաները 3:0 հաշվով հաղթել են Երեւանի «Ուլիսի»-ին:
Պետրոսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ խոշոր հաշիվը դեռ չի նշանակում, թե իրենք լիովին պատրաստ են մրցաշրջանին. «Ես գոհ եմ թիմի վիճակից, բայց մենք դեռ մեծ ծավալի աշխատանք ունենք կատարելու: Հաղթեցինք խոշոր հաշվով, սակայն «Ուլիսը» հանդես եկավ 2-րդ կազմով եւ դա իր ազդեցությունը ունեցավ հաշվի վրա»:
«Գանձասարը» բավական ակտիվ քաղաքականություն է վարում տրանսֆերային շուկայում: Թիմի մարզչական շտաբը այս տարի շեշտը դրել է Բալկաններից հրավիրված խաղացողների վրա: Կապանի ֆուտբոլային թիմի հետ արդեն պայմանագրեր են կնքել սերբ խաղացողներ Վլադ Ռադանովիչը, Վլադիմիր Լուկիչը, Դրագան Գալիչը եւ Չեռնոգորիայի ներկայացուցիչ Կրիվոկապիչը: «Գանձարասում» է նաեւ Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստ Արտաշես Անտոնյանը, որը նախկինում հանդես է եկել նաեւ «Շիրակում» եւ «Միկայում»: Հայաստանի բրոնզե մեդալակիրը պայմանագիր է կնքել նաեւ վրացի հարձակվող Միխայիլ Թակաձեի հետ:
«Համալրում կա, սակայն ձեռք բերածով չենք սահմանափակվելու: Առաջիկա օրերին մեզ միանան 2-3 լեգեոներներ Բրազիլիայից, որոնք փորձաշրջան կանցնեն թիմում»,-նշեց Սամվել Պետրոսյանը:
Ի դեպ, փետրվարի 18-ից «Գանձասարը» Աշխաբադում կմասնակցի «Թուրքմենբաշու գավաթի» ավանդական խաղարկությանը: Հայկական թիմի մրցակիցների անունները առայժմ հայտնի չեն: Աշխաբադի մրցաշարից հետո «Գանձասարը» նախատեսում է երկշաբաթյա հավաք անցկացնել Թուրքիայի Անթալիա քաղաքում եւ մարտի 15-ին վերադառնալ Հայաստան: