Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՇԱՏ ՄՈՏ ԷԻՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ»

Սպորտ


Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները դժգոհ են Լատվիայի հետ ընկերական խաղում արձանագրված ոչ-ոքիից (0:0): Թեեւ Հայաստանը հանդես եկավ ոչ մարտական կազմով, սակայն ըստ մեր խաղացողների հաղթանակը շատ մոտ էր լատվիացիների հետ մրցավեճում:


«Հիշում եք 2007թ. Երեւանում կայացած Հայաստան-Սերբիա հանդիպումը, երբ մենք ունեցանք բազմաթիվ գոլային պահեր, սակայն խաղը ավարտվեց 0:0 հաշվով: Ահա նմանատիպ մի հանդիպում էլ կայացած Կիպրոսում, որտեղ մենք մրցեցինք Լատվիայի հետ: Ունեինք մի շարք ռեալ գոլային պահեր, սակայն այդպես էլ գոլ խփեցինք»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց կիսապաշտպան Արարատ Առաքելյանը:


Այնուամենայնիվ, Դոնեցկի «Մետալուրգում» հանդես եկող Արարատը գտնում է, որ խաղը օգտակար էր հավաքականի համար. «Ընդհանուր առմամբ լավ հանդիպում էր: Դարպասի գրավում չգրանցվեց, սակայն խաղի տեմպը բավական բարձր էր եւ արագ ֆուտբոլ էր ընթանում: Մրցակիցը` Լատվիան, լավ տպավորություն թողեց: Ֆիզիկապես լավ պատրաստված թիմ էր»:


Հայաստանի հավաքականի առանցքային պաշտպան Ռոբերտ Արզումյանը եւս այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է հաղթեր. «Եթե առաջին խաղակեսում հավասար պայքար էր ընթանում, ապա 2-րդ կեսում առավելությունը ամբողջովին մեր կողմն էր: Ունեինք տարածքային մեծ առավելություն եւ ստեղծեցինք մի շարք գոլային պահեր: Շատ մոտ էին հաղթանակին»:


Արզումանյանը ընդգծեց, որ ոչ-ոքին ուներ նաեւ օբյեկտիվ պատճառներ. «Պետք է հաշվի առնել, որ հավաքականի կազմում ընդգրկված էին մի շարք երիտասարդ խաղացողներ: Նրանցից շատերը առաջին անգամ էին հավաքականում: Կարծում եմ երիտասարդները լավ հանդիպում անցկացրին եւ անձամբ ինձ վրա շատ լավ տպավորություն թողեցին»: