ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻԿԱ ՄՐՑԱԿԻՑԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ՂԱԶԱԽՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին
2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցները եւս ընկերական հանդիպումներ են անցկացրել: Մեր առաջիկա մրցակից Էստոնիան 0:2 հաշվով զիջել է Ղազախստանին:
Թուրքիայում կայացած մրցավեճում ֆավորիտ էր համարվում Էստոնիան, որը իր մարտական կազմով էր դուրս եկել խաղադաշտ: Սակայն ղազախները ավելի հաջող հանդիպում անցկացրին եւ Բալտիեւի 2 գոլերի շնորհիվ հաղթեցին մերձբալթյան հանրապետության հավաքականին:
Թուրքիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Կոտ դ`Իվուարի հավաքականի հետ: Առաջին կեսում Ունալը առաջ մղեց թուրքերին, սակայն հանդիպման վերջին րոպեին Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիդյե Դրոգբան հավասարեցրեց հաշիվը` 1:1:
Իսպանիայի հավաքականը եւս հանդես եկավ սեփական հարկի տակ մրցելով Անգլիայի հավաքականի հետ: Խաղը անցավ տանտերերի առավելությամբ, որոնք հաղթեցին 2:0 հաշվով: Իսպանիայի հավաքականը 29-րդ խաղում անընդմեջ պարտություն չի կրել: Իսկ Անգլիայի հավաքականի կազմում Դեվիդ Բեքհեմը անցկացրեց իր 108-րդ հանդիպումը գերազանցելով Բոբի Մուրի ռեկորդը:
Հաղթանակ է տոնել նաեւ Բելգիայի հավաքականը, որը սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ է ուղարկել Սլովենիայի դարպասը: 2 դեպքում էլ աչքի է ընկել Մյունխենի «Բավարիայի» խաղացող Դանիել վան Բույտենը:
Կայացել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի մի քանի հանդիպումներ: 8-րդ խմբում Վրաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջել է Իռլանդիային: Արդեն առաջին րոպեին Իաշվիլին առաջ է մղել վրացիներին, սակայն 2-րդ կեսում անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Ռոբի Քինի խփած 2 գոլերը թույլ են տվել իռլանդացիներին հաղթանակ տոնել: