Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԱՆԱԼ

Սպորտ


Հայ դահուկորդները վաղը կսկսեն իրենց ելույթները Ֆրանսիայում մեկնարկող լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունում: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ Աշխարհի առաջնությունում ելույթ են ունենալու Հայաստանի 4 ներկայացուցիչ:


Հայաստանի հավաքականը մարզիչ Սեյրան Հարությունյանի գլխավորությամբ արդեն 2 օր է`գտնվում է Ֆրանսիայի Վալդեզիեր քաղաքում: Մեր ընտրանու կազմում են Աբրահամ Սակախյան, Արսեն Ներսիսյանը, Յուրա Մանուկյանը եւ Սեյրան Հարությունյանը: Փետրվարի 12-ին հայ մարզիկները ելույթ կունենան հսկա ոլորավայրէջքում, իսկ փետրվարի 14-ին` հատուկ ոլորավայրէջքում: Հայաստանը ներկայացնող դահուկորդները բավական երիտասարդ են, բայց նրանցից Աբրահամ Սարկախյանը եւ Արսեն Ներսիսյանը արդեն ունեն վարկանիշային միավորների հարուստ պաշար, որը թույլ կտա մասնակցել 2010թ. Վանկուվերում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին: Սարկախյանը եւ Ներսիսյանը գործնականում նվաճել են ուղեգրեր, ինչը պաշտոնապես կհաստատվի միայն հաջորդ տարվա սկզբին:


Հայաստանը օլիմպիական ուղեգրերի համար կպայքարի նաեւ դահուկավազքում: Փետրվարի16-25-ը Չեխիայի Օլոմուց քաղաքում կկայանա դահուկավազքի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը հանդես կգա մարզիչ Արթուր Միքայելյանի գլխավորությամբ: Չեխիա կմեկնեն Թադեւոս Պողոսյանը, Արգամ Գրիգորյան, Համլետ Զիլոյանը, Հովհաննես Սարգսյանը եւ Քրիստինե Խաչատրյանը: Հայաստանի դահուկավազքի հավաքականում եւս ընդգրկված են երիտասարդ մարզիկներ: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը ընդգծեց, որ Հայաստանի ներկայացուցիչները մինչեւ 2010թ. ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը ուղեգրեր նվաճելու մի շարք հնարավորություններ են ունենալու: