ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՍՏԱՐԿՈՎԸ ԵՎ ՆՐԱ ՍԱՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ին
Այսօր, Երեւանի ժամանակով 17:00-ին Կիպրոսում կկայանա Հայաստանի եւ Լատվիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը: ԽՍՀՄ փլուզումից հետո այս երկու հավաքականները հանդիպելու են առաջին անգամ: Համառոտ ծանոթանանք Հայաստանի առաջիկա մրցակցին:
Պատմությունը
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Լատվիան այն եզակի խորհրդային հավաքականներից է, որին հաջողվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել: Նման իրավունք լատվիացիները ստացան «Եվրո-2004»-ի ընտրական փուլում, երբ փլեյ-օֆֆում անսպասելիորեն պայքարից դուրս թողեցին Թուրքիայի հավաքականին (այդ ժամանակ թուրքերը աշխարհի գործող բրոնզե մեդալակիրներն էին): Եզրափակիչ փուլում Լատվիան հայտնվեց «մահվան» խմբում, որտեղ մրցեց Գերմանիայի, Հոլանդիայի եւ Չեխիայի հավաքականների հետ: Նման բարդ խմբում լատվիացիները վաստակեցին 1 միավոր եւ եզրափակեցին մրցաշարային աղյուսակը: Ներկայումս Լատվիայի հավաքականը հանդես է գալիս 2010թ. աշխարհի առաջնության ընտրական 2-րդ խմբում: Անցկացրած 4 հանդիպումներից հետո Հայաստանի մրցակիցը վաստակել է նույնքան միավոր:
Մարզիչը
Լատվիայի հավաքականը ներկայումս մարզում է Ալեքսանդր Ստարկովը, որը նախկինում եղել է հայտնի ֆուտբոլիստ: Խաղացողի կարիերան ավարտելուց հետո Ստարկովը անցել է մարզչական աշխատանքի: 53-ամյա մասնագետի գլխավորությամբ Ռիգայի «Սկոնտոն» երկար տարիներ եղել է Լատվիայի անփոփոխ չեմպիոնը: Լատվիայի հավաքականը Ստարկովը գլխավորել է 2001թ.: Հենց նրա գլխավորությամբ լատվիացիները դուրս եկան «Եվրո-2004»-ի եզրափակիչ փուլ: Պատմական այս հաջողությունից հետո լատվիացի մարզիչը հրավեր ստացավ Մոսկվայի «Սպարտակից» եւ որոշեց տեղափոխվել Ռուսաստան: Սակայն «Սպարտակի» հետ հաջողություններ արձանագրել Ստարկովին չհաջողվեց, եւ 2006թ. մարզիչը վերադարձավ հարազատ «Սկոնտո», իսկ 2007թ. կրկին գլխավորեց Լատվիայի հավաքականը:
Ֆուտբոլիստները
Ինչպես եւ նախկին ԽՍՀՄ մի շարք հանրապետությունների հավաքականում, այնպես էլ Լատվիայում, 1990-ականների վերջերին մեծ թիվ էին կազմում Ռուսաստանի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստները: Բայց աստիճանաբար ռուսները սկսեցին նախապատվությունը տալ հարավամերիկացիներին եւ բալկաններին: Պատահական չէ, որ այժմ Լատվիայի հավաքականում լեգեոներների թիվը բավական քիչ է: Վերջին տարիներին լատվիացիների առաջատարն է համարվում 29-ամյա Մարիս Վերպակովսկիսը: Վերջինս 2003թ. հայտնվեց Կիեւի «Դինամոյում», իսկ հետագայում վարձավճարով հանդես եկավ տարբեր եվրոպական թիմերում: Ներկայումս Մարիսը ելույթ է ունենում իսպանական «Սելտայում»: Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Յուրի Լայնզանսը եւս առանցքային ֆուտբոլիստ է: Ներկայումս Լայնզանսը հանդես է գալիս Յարոսլավի «Շիննիկիում»: