ՀԱՅ ԱԹԼԵՏՆԵՐԸ ԿՎԱԶԵՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը մեկնել է Իրանի մայրաքաղաք Թեհրան, որտեղ մեկնարկում է «Արեւածագի 10 օր» միջազգային մրցաշարը: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայում (ՀԱՖ) «Ա1+»-ին հայտնեցին, որ հարեւան երկրում կայանալիք մրցաշարում ելույթ կունենան Հայաստանի տղաների եւ աղջիկների հավաքականները:
Տղաների կազմում Զաուրի Սարգսյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 5 աթլետներ, որոնցից 3-ը վազորդներ են: 400 եւ 800 մ տարածությունում հանդես կգա Արամ Դավթյանը: 400 մ տարածությունում ելույթ կունենա նաեւ Վիլեն Վարդանովը, որից սակայն սպասելիքներ կան 60 մ տարածությունից: 300 եւ 1500 մ տարածությունում կվազի Սեւակ Եղիկյանը: Հավաքականում են նաեւ հեռացատկորդներ Վարդան Փահլեւանյանը եւ Արտակ Համբարձումյանը:
Կանանց հավաքականը գլխավորել է Գոհար Նազարյանը: Հայաստանի կներկայացնեն վազորդուհիներ Աշխեն Հովհաննիսյանը (60 մ) եւ Լուսինե Կարայանը (60 եւ 400 մ):
2008թ. օլիմպիական խաղերի մասնակից Անի Խաչիկյանը (վազք) վնասվածք ունի: Բացի այդ Խաչիկյանը մարզվում է այլ ծրագրով:
Ֆեդերացիայում հայտնեցին նաեւ, որ փետրվարի 14-ին աթլետիկայի օլիմպիական մարզադպրոցում կմեկնարկի Հայաստանի ձմեռային բաց առաջնությունը: Սպասվում է, որ առաջնությանը կմասնակցեն 400-500 մարզիկներ: Առավել շատ ներկայացուցիչներ առաջնությունում կունենան Երեւանը, Գյումրին, Արտաշատը, Վանաձորը, Կապանը եւ Արցախը: