«ՀՈՄԵՆՄԵՆԸ» ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ՞Ն
Աջակցիր «Ա1+»-ին
Բեյրութի հայկական «Հոմենմեն» ֆուտզալի թիմը թույլ չի տվել Էդգար Կիրակոսյանին միանալ Հայաստանի հավաքականին եւ մասնակցել Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:
Հայաստանի հավաքականը վերջին շրջանում մեկ անգամ չէ, որ նման խնդիրներ առջեւ է կանգնում: Հունվարին վրացական «Իբերիայի» ղեկավարները արգելել էին դարպասապահ Էռնեստ Ակոպովին ժամանել Հայաստան: Երկարատեւ բանակցություններից հետո վրացիները ի վերջո համաձայնվել են Ակոպին թույլատրել միանալ Հայաստանին: Էռնեստը հանդիսանում է Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահը:
Այժմ Հայաստանի հավաքականում չէ Էդգար Կիրակոսյանը, որը հանդես է գալիս Լիբանանի «Հոմենմենում»: Վերջինիս ղեկավարությունը թույլ չի տվել Կիրակոսյանին ժամանել Հայաստան` պատճառաբանելով, որ Լիբանանի առաջնությունը ընթացքի մեջ է:
Ռուբեն Նազարեթյանը հայտնեց, որ Հայաստանը կարող էր այս կապացությամբ դիմել ՖԻՖԱ-ին, որը խստորեն պատժում է ակումբներին, երբ նրանք խոչընդոտում են ֆուտբոլիստներին. «Մենք չցանկացանք գնալ նման քայլի, քանի որ Էդգար Կիրակոսյանը հետագայում խնդիրներ կունենար Լիբանանում եւ միգուցե նրան հեռացնենին թիմից: Պարզապես, չենք ուզում վնասնել Էդգարին»:
Ինչեւէ, Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել եւ փետրվարի 15-ին կմեկնի Բուլղարիայի Վառնա առողջարանային քաղաք: Այստեղ մեր ընտրանին Բուլղարիայի, Լատվիայի եւ Էստոնիայի հավաքականների հետ կպայքարի հաջորդ փուլի 1 ուղեգրի համար:
Հայաստանի հավաքականը վերջին շրջանում ուսումնամարզական հավաք չի անցկացրել: Ազգային թիմը պարզապես ամենօրյա մարզումներ է անցկացնում: Տեղի են ունեցել նաեւ ստուգողական հանդիպումներ, որոնցում Հայաստանի հավաքականը 2 անգամ խոշոր հաշվով հաղթել է «Էրեբունիին» եւ 1 անգամ` «Եվրոպային»:
«Արդեն 1 ամսից ավել է Հայաստանի առաջնությունում ընդմիջում է եւ խաղացողներից շատերը խաղային պրակտիկա չունեն: Այդ բացը ցանկանում ենք լրացնել ստուգողական հանդիպումներ: Նախքան Բուլղարիա մեկնելը հանաբար եւս մեկ ընկերական հանդիպում ունենանք»,-եզրափակեց Ռուբեն Նազարեթյանը: