ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ` ՀՆԱՐԱՎՈՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանի եւ Ադրբեջանը հունա-հռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականները կարող են միմյանց հանդիպել փետրվարի 20-21-ը Ֆրանսիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆակալյանը «Ա1+»-ին հայտնեց, որ այս օրերին Երեւանում ազգային թիմը նախապատրաստվում է մրցաշարին:
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու են Հայաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանը, Կուբան, Ղազախստանը, Հունգարիան եւ Ադրբեջանը:
«Մրցաշարի մեկնարկից առաջ տեղի կունենա վիճակահանություն, որի արդյունքում հավաքականները ընգդրկվեն 2-ական խմբում` յուրաքանչյուրում` 4 հավաքական: Այսինքն` յուրաքանչյուր հավաքական առնվազն 3 հանդիպում է անցկացնելու: Հաղթողները կհանդիպեն եզրափակիչում»,-նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:
Մարզիչը հայտնեց, որ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են երիտասարդ ըմբիշներ. «Նախապատրաստական փուլում հավաքականում ընդգրկված են 8 ըմբիշներ, որոնց թվում կան նաեւ երիտասարդներ: Մասնավորապես 55 կգ քաշային Շավիղ Գեւորգյանը առաջին անգամ հանդես կգա ազգային հավաքականում: Այս քաշային կարգում մեր առաջատար Ռոման Ամոյանը կնախապատրաստվի մարտ ամսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Նորեկ է նաեւ 84 կգ քաշային Արթուր Շահինյանը»:
Փորձառու ըմբիշներից հավաքականում են են միայն 96կգ քաշային Արման Գեղամյանը, 74 կգ Արսեն Ջուլֆալակյանը եւ 120 կգ Յուրի Պատրիկեեւը: Հավաքականի կազմից կարելի է ենթադրել, որ Հայաստանի համար աշխարհի գավաթի խաղարկությունը նախապատրաստական փուլ է: «Իհարկե, աշխարհի գավաթի խաղարկությունում հաջող հանդես գալը պատվաբեր է, սակայն մենք շեշտը դնում ենք Եվրոպայի առաջնության վրա»,-եզրափակեց օլիմպիական խաղերի չեմպիոն (Սեուլ, 1988թ.) Լեւոն Ջուլֆալակյանը: