ԶԱՄԲԻԱՅԻ ԾԱԳՈՂ ԱՍՏՂԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Երեւանի «Փյունիկը» պատրաստվում է պայմանագիր կնքել զամբիացի ֆուտբոլիստներ Էմանուիլ Մբոլայի եւ Չիսամբա Լունգուի հետ: Ակումբի մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ աֆրիկացիները արդեն ժամանել են Երեւան եւ մարզվում են «Փյունիկի» հետ: Զամբիացիները բավական երիտասարդ են: Մբոլան ընդամենը 16 տարեկան է, իսկ Լունգուն` 18:
Չիսամբա Լունգուն համարվում է Զամբիայի ամենահեռանկարային 10 ֆուտբոլիստներից մեկը: Այս խաղացողի ելույթ է ունեցել Զամբիայի հեղինակավոր «Զոնակոն» ակումբում: Լունգուն հանդիսանում է նաեւ Զամբիայի տարբեր տարիքային հավաքականների անդամ: Իսկ Մբոլան արդեն հասցրել է ելույթ ունենալ Զամբիայի ազգային հավաքականում:
Առաջիկա օրերին Հայաստան կժամանի նաեւ Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմի խաղացող Արտակ Ալեքսանյանը: Հայ ֆուտբոլիստը 2008թ. Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել էր Իտալիայում կայացած միջազգային մրցաշարին, որից հետո հրաժարվել էր այլեւս հանդես գալ Հայաստանի հավաքականներից որեւէ մեկում: Այժմ Ալեքսանյանը պատրաստվում է պայմանագիր կնքել «Փյունիկի» հետ եւ հավանական է, որ ընդգրկվի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում: