Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻՆ ԱՆՎՃԱՐ ՉԵՆՔ ՏՐԱՄԱԴՐԻ»

Սպորտ


Հայկական ֆուտբոլում հասունանում է նոր սկանդալ: Երեւանի «Արարատի» առաջատար ֆուտբոլիստ Վահագն Մինասյանը առանց ակումբի ղեկավարության համաձայնության ցանկանում է լքել թիմը: «Արարատի» խաղացողը ցանկանում է ելույթները շարունակել «Փյունիկում»:


«Արարատի» գործադիր տնօրեն Կարո Թոփուզյանը «Ա1+»-ին հայտնեց, որ արդեն մի քանի շաբաթ է չեն կարողանում կապ հաստատել Մինասյանի հետ. «Նա մեր զանգերին չի պատասխանում: Ստիպված նամակ ենք ուղարկել` պահանջելով ներկայանալ ակումբ: Վահագն Մինասյանը մեր ֆուտբոլիստն է եւ պայմանագրի ժամկետը ավարտվում է միայն 2010թ.»:


Թոփուզյանը տեղյակ չէ, թե ինչու է Մինասյանը կտրականապես հրաժարվում շարունակել կարիերան «Արարատում». «Մենք պետք է զրուցենք, որ պարզենք, թե ինչու է հրաժարվում: Եթե չի ցանկանում հանդես գալ «Արարատում», ապա կարող ենք հանել նրան տրանսֆերի: Երբ որ նրա տրանսֆերի դիմաց վճարեն, այդ դեպքում նա կարող է հեռանալ: Հենց այնպես ֆուտբոլիստներին բաց չեն թողնում»:


Օրերս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հայտարարել էր, որ Վահագն Մինասյանը մարզվում է «Փյունիկիում»: Թոփուզյանը չհաստատեց այս տեղեկությունը. «Մենք եւս լսել ենք այդ մասին, սակայն 100 %-ով համոզված չենք: Եթե դա այդպես է, ապա Վահագն Մինասյանի հարցով կզբաղվեն մեր իրավաբանները, որոնց առանց այդ էլ արդեն անցել են գործի: Սա պրոֆեսիոնալ մոտեցում չէ. ֆուտբոլիստը իրավունք չունի ինքնակամ լքել ակումբը»:


Վահագն Մինասյանի հետ զրուցել չհաջողվեց: Սակայն, ֆուտբոլիստին մոտ կանգնած մեր աղբյուրը նշեց, որ Վահագնը խիստ վիրավորված է «Արարատի» ղեկավարությունից, որոնք նախորդ տարի բազմիցս ուշացրել են աշխատավարձերը եւ պարգեւատրումները: Բացի այդ Մինասյանը «Արարատում» մեծ առաջընթաց էր ապրել մարզիչ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ: Հայտնի է, որ Վարուժան Սուքիասյանը 2008թ. դեկտեմբերին հեռացավ «Արարատից» եւ ակումբի ղեկավարությանը մեղադրեց թիմի նկատմամբ ցուցաբերվող անլուրջ վերաբերմունքի մեջ: