Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4 ՄԵԴԱԼ, ՈՐԻՑ ՄԵԿԸ` ՈՍԿԵ

Սպորտ


Հոլանդիայի Վլատինգեն քաղաքում կայացած ձյուդոյի միջազգային մրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականը 4 մեդալ է նվաճել: Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ Հայաստանի կազմում Հոլանդիայի մրցաշարում մասնակցել են 19 ձյուդոիստներ:


Ամենահաջողը ելույթ է ունեցել 81կգ քաշային Արման Սողոմոնյանը, որը հաղթելով բոլոր հանդիպումներում` նվաճել է ոսկե մեդալ:


66 կգ քաշային Իշխան Գրիգորյանը եւս մոտ է եղել ոսկիին, սակայն եզրափակիչում պարտություն է կրել եւ բավարարվել արծաթով:


55 կգ Արսեն Թովմասյանը եւ 38 կգ Սամվել Խաչատրյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:


Առաջիկայում Հայաստանի պատանեկան հավաքականները կհանգստանան, իսկ ահա ազգային հավաքականը շուտով կսկսի նախապատրաստվել փետրվարի 28-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկելիք Աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլին: Այս ստուգատեսին մեր ընտրանու կազմում ասպարեզ դուրս կգան 5 ձյուդոիստներ:


Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նույն ժամանակահատվածում կայանալիք կանանց Աշխարհի գավաթի խաղարկության ելույթ կունենա Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Հակոբյանը: Վերջինս խիստ անհաջող էր հանդես եկել հունվարին Սոֆիայում կայացած Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:


Առաջիկայում կայանալիք հավաքների ընթացքում Հակոբյանը պետք է փորձի լավ մարզավիճակ ձեռք բերել: