ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան անցկացրել է համաժողով եւ ընտրել վերադաս մարմին: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը:
Համաժողովի օրակարգում եղել է նախագահի տեղակալների եւ գործկոմի կազմի ընտրության հարցը:
Ֆեդերացիայի նախագահ ընտրվել էր դեռեւս 2008թ. դեկտեմբերին, երբ ձայների մեծամասնությամբ հաղթող էր ճանաչվել ԲԱՄՕ ընկերության սեփականատերերից մեկը` Արման Մուրադյանը:
Համաժողովում Մուրադյանի առաջին տեղակալ է ընտրվել Դերենիկ Գաբրիելյանը, որը բռնցքամարտում ճանաչված անձնավորություն է եւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի փոխնախագահներից մեկը: Տեղակալներ են ընտրվել նաեւ Ալբերտ Նիկոլյանը, Արտակ Մալումյանը, Սամվել Գասպարյանը եւ Սերգեյ Զորինը: Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվել է Լյովա Հովհաննիսյանը:
Համաժողովի ընթացքում ընտրվել է նաեւ գործկոմի կազմ:
Լյովա Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ առաջիկայում կավելանան բռնցքամարտի մարզային ֆեդերացիաները: Կոտայքի, Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերում ձեւավորվելու են բռնցքամարտի ֆեդերացիաներ:
Առաջիկայում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կփոխի գրասենյակը: Ներկայումս ՀԲՖ-ն տեղակայված է «Դինամո» մարզական ընկերության մարզահամալիրում, սակայն մինչեւ մարտ ամիս կտեղափոխվի Կորյունի 23:
«Նոր գրասենյակում ավելի լավ աշխատանքային պայմաններ կլինեն: Նոր տարածքը ավելի մեծ է եւ սենյակների թիվը ավելի շատ կլինի, քան ներկայումս է»,-նշեց Լյովա Հովհաննիսյանը:
Ի դեպ, Բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովին մասնակցել են նաեւ ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը: Գագիկ Ծառուկյանը ընդծել է, որ մայիսին Երեւանը ընդունելու է բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որի պետք է նախապատրաստվել ամենայն լրջությամբ: