ՉԿԱՅԱՑԱԾ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ին
Ձմեռային ֆուտբոլային տրանսֆերային պատուհանը Եվրոպայում փակվեց: Հայաստանի հավաքականի խաղացողները այս տարի Եվրոպայում չմասնակեցեցին որեւէ տրանֆերային տեղափոխությանը:
Արտասահմանում հանդես եկող այս ֆուտբոլիստներից մի քանիսը ձմռանը պետք է փոխեին ակումբները: Մասնավորապես` Ամստերդամի «Այաքսի» հայ հարձակվող Էդգար Մանուչարյանը վաղուց հրավեր չի ստանում «Այաքսի» գլխավոր թիմից եւ ժամանակ առ ժամանակ խաղադաշտ է դուրս գալիս միայն «Այաքսի» երիտասարդական թիմում:
Էդգարը «Այաքսից» ցանկանում էր հեռանալ դեռեւս 2008թ. ամռանը, սակայն հարցը այդպես էլ վերջնական լուծում չստացավ: Ձմռանը եւս Մանուչարյանի տեղափոխությունը չստացվեց եւ հայ ֆուտբոլիստի առաջիկայում կշարունակի ելույթները «Այաքսի» երիտասարդականում:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը եւս ցանկություն ուներ ձմռանը հեռանալ իր ներկայիս թիմից: Լեւոնը ելույթ է ունենում շվեդական ԳԱԻՍ-ում, որը Շվեդիայի 2008թ. առաջնությունում չփայլեց: Պաչաջյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր հունական ՊԱՕԿ-ը: Հայ խաղացողը նույնիսկ ժամանեց Սալոնիկի եւ պատրաստվում էր կնքել պայմանագիր, սակայն վերջին պահին գործարքը ձախողվեց:
Հունվարի սկզբին տեղեկություններ տարածվեցին, որ ռումինական «Տիմիշորայի» հայ ֆուտբոլիստներ Արման եւ Արտավազդ Քարամյանները կարող են հեռանալ` հայտնվելով Բուխարեստի «Դինամոյում»: Բայց այս տեղափոխությունը եւս տեղի չունեցավ: Ամեն դեպքում Քարամյանները «Տիմիշորայում» էլ իրենց վատ չեն զգում:
Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը կշարունակի ելույթները դանիական «Ռանդերսում»: Հայ պաշտպանը նախորդ տարի հազվադեպ էր հայտնվում թիմի մեկնարկային կազմում, սակայն վերջերս փոխվել է «Ռանդերսի» մարզիչը: Անգլիացի Քոլին Տոդին փոխարինել է դանիացի Յոն Յենսենը: Այժմ Արզումանյանը հիմնական կազմում հայտնվելու նոր հնարավորություն է ստանում: