NBA-Ի ԱՍՏՂԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈ՞ՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Ըստ «Ա1+»-ի ունեցած տեղեկությունների` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան (ՀԲՖ) վերջին շրջանում բանակցում է արտասահմանցի ճանաչված մարզիկների հետ` հետագայում նրանց Հայաստանի ազգային հավաքականում ընդգրկելու համար:
Հայտնի բասկետբոլիստների թվում է NBA-ի նախկին աստղերից մեկը` Ռաֆայել Արաուջուն: Բրազիլացի այս բասկետբոլիստը 2006-07թթ. հանդես է եկել NBA-ի առաջատար թիմերից մեկում` «Յոտա Ջազում»: 211 սմ հասակով 28-ամյա մարզիկը, NBA-ում անցկացնելով 28 հանդիպում, հետագայում տեղափոխվել է Ռուսաստան եւ հանդես եկել Սանկտ Պետերբուրգի «Սպարտակում»:
Ըստ երեւույթին` Արաուջուն Հայաստանում հանդես գալու լուրջ շարժառիթ ունի: Հայտնի է, որ Ռուսաստանի Բասկետբոլի առաջնությունում լեգեոներների թիվը սահմանափակ է: Սակայն Ռուսաստանում լեգեոներ չեն համարվում նախկին ԽՍՀՄ մի քանի հանրապետությունների (նաեւ Հայաստանի) ներկայացուցիչներ:
ՀԲՖ-ում «Ա1+»-ին հայտնեցին, որ ներկայումս այս կապացությամբ պաշտոնապես տեղեկատվությունը տալ չեն կարող: Նշվեց միայն, որ փետրվար եւ մարտ ամիսներին կլինեն տեղեկություններ Հայաստանի ազգային հավաքականների համալրման մասին:
Եթե Հայաստանի հավաքականի համալրման գործընթացը հաջող ընթացք ունենա, ապա հավանականությունը խիստ մեծ է, որ Հայաստանի մեծահասակաների տղամարդկանց հավաքականը ամռանը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:
Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանը Եվրոպայի առաջնություններում հանդես եկել պատանեկան հավաքականներով: