Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Սպորտ


Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել Սոչիում: Հայկական թիմը մրցել է ռուսական «Վոլգար-Գազպրոմի» հետ եւ պարտվել 0:4 հաշվով:


Այս խաղում «Փյունիկը» հանդես է եկել իր հիմնական կազմով: Ուսումնամարզական հավաքի ընթացքում գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը փորձարկում է մի շարք արտասահմանցիների: Հենց արտասահմանցիներից կազմված «Փյունիկը» մեկ այլ ստուգողական խաղում 3:2 հաշվով առավելության է հասել «Լիպեցկի» նկատմամբ:


«Փյունիկի» մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ ակումբը արդեն հրաժարվել է ֆրանսիացի դարպասապահ Քրիստոֆեր Բոսելի ծառայություններից: Նշվում էր, որ այս խաղացողը ժամանել էր Ֆրանսիայի հեղինակավոր «Մարսել» ակումբից, սակայն Բոսելը ճանաչված թիմում երբեւէ հանդես չի եկել, պարզապես նրա տրանսֆերը պատկանում է ֆրանսիացիներին: «Փյունիկում» փորձաշրջան են անցնում աֆրիկացի ֆուտբոլիստներ, որոնցից մի քանիսը ամենայն հավանականությամբ պայմանագիր կկնքեն Հայաստանի չեմպիոնի հետ:


Երեւանյան ակումբը պատրաստվում է Հայաստան վերադառնալ փետրվարի 5-ին: Նախքան այդ` փետրվարի 3-ին, «Փյունիկը» ստուգողական հանդիպում կանցկացնի Նովորոսիսկի «Չեռնոմորեցիի» հետ:


Ի դեպ, «Փյունիկի» ֆուտբոլիստներ Գրիգոր Մելիքսեթյանը, Սարգիս Հովսեփյանը, Արթուր Եդիգարյանը եւ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել են Հայաստանի հավաքականի կազմում, որը փետրվարի 11-ին մրցելու է Լատվիայի հետ: