Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓԱՇԻԿՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՉԵՄՊԻՈՆ

Սպորտ


Դրամատիկ վերջաբան ունեցավ շախմատի Հայաստանի 2009թ. տղամարդկանց առաջնությունը: Երկար ժամանակ մրցաշարային աղյուսակը գլխավորող Տիգրան Քոթանջյանը վերջին 2 տուրերում չեմպիոնի կոչումը զիջեց ավելի երիտասարդ Արման Փաշիկյանին:


Քոթանջյանի համար ճակատագրական էր 12-րդ տուրը, երբ Տիգրանը սեւերով պարտվեց Հայաստանի հավաքականի պահեստային խաղացող Արտաշես Մինասյանին: Այս պարտությունից անմիջապես օգտվեց Արման Փաշիկյանը, որը ոչ-ոքի խաղաց Աշոտ Անաստասյանի հետ եւ հավասարվեց առաջատարին: Վերջին` 13-րդ տուրից առաջ Տիգրան Քոթանջյանը եւ Արման Փաշիկյանը վաստակել էին 7.5-ական միավոր: 13-րդ տուրում Քոթանջյանը սպիտակներով հաղթեց Ավետիք Գրիգորյանին: Արման Փաշիկյանը նույնպես սպիտակներով առավելության հասավ օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանի նկատմամբ: Առաջատարները դարձյալ հավասարվեցին իրենց ակտիվում ունենալով 8.5-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճեց Փաշիկյանը:


3-րդ հորիզոնականում հանգրվանեց Զավեն Անդրեասյանը, որը վաստակել էր 8 միավոր: Նույնքան միավորով 4-րդ տեղում հայտնվեց Արթուր Չիբուխչյանը, որը հաջող մեկնարկից հետո չկարողացավ զարգացնել հաջողությունը:


Հայաստանի հավաքականի խաղացող Տիգրան Պետրոսյանը, որը ամենաբարձր վարկանիշը ուներ մրցաշարում, 7 միավորով հանգրվանեց 8-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը 3.5 միավորով եզրափակեց Արա Մինասյանը: Ավարտվեց նաեւ կանանց Հայաստանի առաջնությունը: 7.5 միավորով չեմպիոնի կոչումը նվաճեց Հայաստանի հավաքականի խաղացող Լիլիթ Գալոյանը:


Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող Սիրանուշ Անդրեասյանը 7 միավորով դարձավ փոխչեմպիոն: