ՏԱՔՍԻՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՉԵ՞Ն ՄՏԱՀՈԳՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
«Խագա», «Տանտա» , «Դե սպասիր», «Մի սպասիր», «Մինուտկա», «Խոպան», «Տաքսի ջան», «Մոշ», «Գրանատ», սրան գումարած կանանց ու տեղանունների հայկական եւ արտասահմանյան բազմատեսակ անուններ, տիտղոսներ, ամրոցների, ծառերի եւ ծաղիկների, համայնքների եւ շուկաների անվանումներ եւ կստանաք Երեւանում գործող տաքսիների պատկերը:
Քաղաքում երթեւեկելիս բազմիցս հանդիպում ենք տաքսիների, որոնց անվանումները շատերիս մոտ տարակուսանք է առաջացնում: Առավել տարօրինակ անունների նշանակությունը «Ա1+»-ը փորձեց պարզել հենց տաքսի ծառայություններում: «Լանսեր»-ում ասացին, թե այդպես են կոչել, քանի որ ծառայությունը իրականացնում են «Mitsubishi Lanser» մակնիշի ավտոմեքենաներով, «Տանտա»-ում` թե տաքսին կոչվել է ի պատիվ եգիպտական քաղաքի, իսկ «Կիրզա»-ն` Զեյթուն թաղամասի հին անվանումն է:
««Զալատոյ դյուկ» թարգմանաբար նշանակում է «Ոսկե գավաթ», տաքսին այդպես է անվանել տնօրենը, քանի որ նա Փարիզում այդ անունով օբյեկտ է ունեցել, հետո եկել է այստեղ եւ նույն անունը դրել տաքսի ծառայության վրա » -, «Ա1+»-ի հետ զրույցում ասացին այս տաքսի ծառայությունում:
Իսկ մուլտֆիլների անուններով / «Դե սպասիր», «Վինի Թուխ»/ տաքսի ծառայություններից կարելի է միայն ենթադրել, որ դրանց սեփականատերերը մանուկ ժամանակ այդ ֆիլմերի հերոսների երկրպագուներն են եղել: Առավել օրիգինալ պատասխան «Ա1+»-ը ստացավ «Գայոտ» տաքսի ծառայության տնօրենի հետ զրուցելիս: Այն ներկայացնում ենք առանց խմբագրման.
«-Ի՞նչ է նշանակում Գայոտ:
-Դա հունական անուն է, Գայոտի անունն է:
-Ո՞վ է Գայոտը:
- Ես էլ չեմ ճանաչում:
-Ձեր ծառայությունն է` չգիտեք ո՞ւմ անուն եք դրել:
-Գիտենք ում անունն է, Գայոտ է էլի, էդ կինոն չեք տեսել՞ որ նավի վրա աղջիկները գնում են, դե գայոտիկները, էլի , սիրուն աղջիկներ են, ոբշըմ գնում են նավով, ամեն ինչ վերջում նորմալ է լինում»:
Իսկ ընդհանրապես, ովքեր պետք է զբաղվեն հարցով եւ գոնե չափանիշներ սահմանեն:
Տրանսպորտի նախարարությունում «Ա1+»-ին ասացին, որ իրենք միայն տրամադրում են գործունեության արտոնագրերը, իսկ տաքսիների անվանումները գրանցվում են Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում: Վերջինիս պետ Արմեն Գեւրոգյանը «Ա1+»-ին ասաց, որ տաքսիների անուններով չեն զբաղվում:
«Մեզ մոտ գրանցվում է միայն ՍՊԸ-ի անվանումը: Ընկերությունը կարող է գրանցվել ասենք, N անվամբ, բայց տաքսի ծառայությունը աշխատացնել մեկ ուրիշ անունով»,- ասաց նա:
«Ա1+»-ը դիմեց նաեւ Լեզվի պետական տեսչություն, որի պետ Լավրենտի Միրզոյանը նախ տեղեկացրեց, որ օրինակ, վերջերս պատժել են մի տաքսի ծառայության, որի մեքենաների վրա անվանումը գրված է եղել անգլերեն տառերով: Ինչ վերաբերում է տաքսիների անուններին, ապա, ըստ նրա, իրենք այդքան աշխատող չունեն, որ կարողանան դրանց անդրադառնալ: « Լեզվի տեսչությունը ավելի կարեւոր խնդիր ունի, քան թե այդ տաքսիների վրա գրված անունները»,- ասաց նա: