Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

Սպորտ


Շախմատի Հայաստանի հավաքականը կրկին ուժեղագույնն է աշխարհում: Դրեզդենում այսօր ավարտված համաշխարհային օլիմպիադայում հայ շախմատիստները, 2.5:1.5 հաշվով առավելության հասնելով Չինաստանի նկատմամբ, պահպանեցին չեմպիոնի կոչումը: Հայաստանը չեմպիոն էր դարձել նաեւ 2006թ.:


Վերջին 11-րդ տուրում Հայաստանի մրցակիցը Չինաստանի հավաքականն էր, որը դասվում էր ֆավորիտների թվին: Չինացիները հաղթանակի դեպքում կշրջանցեին առաջին տեղում ընթացող Հայաստանին, սակայն մեր ընտրանին ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին:


4 խաղատախտակների վրա էլ հայ գրոսմայստերները առավելություն ունեին: Ակնհայտ էր, որ այս մրցամարտում չինացիները առավելագույնը ոչ-ոքի հույս կարող են ունենալ: Դա էլ բավական էր, որ Հայաստանը դառնար չեմպիոն, քանի որ զուգահեռաբար ընթացող մրցամարտում Ուկրաինան զիջում էր ԱՄՆ-ին 0:2 հաշվով: Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականները 10-րդ տուրից առաջ հավասար միավոր ունեին, բայց լրացուցիչ ցուցանիշներով առջեւում էր Հայաստանը:


Առաջինը ավարտվեց Լեւոն Արոնյան (2757)-Վանգ Յու (2736) պարտիան, որտեղ խաղաղ ելք գրանցվեց: Ոչ-ոքիով ավարտվեց նաեւ Վլադիմիր Հակոբյան (2679)-Բու Հիանցզի(2714) մրցամարտը: Քիչ անց Տիգրան Պետրոսյանը հաղթեց Լի Չաոյին` առաջ մղելով Հայաստանին: Իսկ Գաբրել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Նի Հուայի հետ:


«Ա1+»-ը շնորհավորհում է Հայաստանի շախմատի հավաքականին, բոլոր շախմատասերներին, մեր ժողովրդին` այս գեղեցիկ հաղթանակի առթիվ:


Հայաստանի հավաքականի բոլոր հանդիպումները.

1. Հայաստան-Իտալիա` 4:0

2. Հայաստան-Մոլդովա` 3:1

3. Հայաստան-Ֆարերներ` 4:0

4. Հայաստան-Ուկրաինա` 2:2

5. Հայաստան-Հոլանդիա` 2.5:1.5

6. Հայաստան-Ադրբեջան` 2.5:1.5

7. Հայաստան-Ռուսաստան` 2.5:1.5

8. Հայաստան-Ֆրանսիա` 3.5:0.5

9. Հայաստան-Իսրայել` 1.5:2.5

10. Հայաստան-Սերբիա` 3:1

11. Հայաստան-Չինաստան` 2.5:1.5