ՈՉ ՄԻ ՄԻԱՎՈՐ ՄՐՑԱԿՑԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի հավաքականն այսօր իր 3-րդ հաղթանակը տոնեց Համաշխարհային 38-րդ օլիմպիադայում: Հայ շախմատիստները 4:0 հաշվով առավելության հասան Ֆարերների նկատմամբ: Հայաստանը Դրեզդենում ընթացող օլիմպիադայում 2-րդ անգամ է հաղթում «չոր» հաշվով:
Հայաստանի հավաքականը մրցամարտից առաջ բացահայտ ֆավորիտ էր, ուստի այս խաղում հանգստանալու հնարավորություն էր ստացել Լեւոն Արոնյանը: Վերջինիս փոխարեն առաջին խաղատախտակի վրա հանդես եկավ Վլադիմիր Հակոբյանը, որը հեշտությամբ հաղթեց մրցակցի առաջատար Զիսկային: Հաղթանակներ տոնեցին նաեւ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Արտաշես Մինասյանը: Վերջինս անցկացրեց իր առաջին պարտիան ընթացիկ մրցաշարում: Ֆարերների կազմում ընդգրկված շախմատիստներից ոչ ոք չուներ գրոսմայստերի կոչում: Հայաստանի մրցակիցը իր վարկանիշով ընդամենը 73-րդն էր:
Ինչեւէ, Հայաստանի հավաքականը շարունակում է իր հաղթարշավը օլիմպիադայում, թեեւ մեր ընտրանին առայժմ չի հանդիպել իր վարկանիշին մոտ մրցակցի:
Վստահ հաղթանակ տոնեց նաեւ Հայաստանի կանանց հավաքականը, որը 3-րդ տուրում 4:0 հաշվով առավելության հասավ Գերմանիայի 2-րդ հավաքականի նկատմամբ: Հայ շախմատիստուհիները եւս հաղթել են բոլոր հանդիպումներում: