Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԵՄՊԻՈՆԸ ԿՈՐՈՇՎԻ ՈՍԿԵ ԽԱՂՈՒՄ

Սպորտ

Կայացավ ֆուտբոլի Հայաստանի 2008թ. առաջնությունը, բայց չեմպիոնի անունը դեռ հայտնի չէ: 59-ական միավոր են վաստակել «Փյունիկը» եւ «Արարատը»: Վերջինս այսօր «Փյունիկին» հաղթելով 1:0 հաշվով` հավասարվեց առաջատարին: Չեմպիոնը կորոշվի լրացուցիչ` ոսկե խաղում:

Հանդիպումը կայացավ «Փյունիկ» մարզադաշտում, որը ընդամենը 700 նստատեղ ունի: Թեեւ չեմպիոնության հավակնող թիմերը մրցելու էին նման փոքր մարզադաշտում, սակայն խաղից առաջ մեծ թվով ոստիկաններ էին շրջափակել մարզադաշտը եւ դրան հարակից տարածքը: Խաղի սակավաթիվ տոմսերը «Փյունիկի» «երկրպագուներին» էին բաժին հասել: Բայց «Փյունիկին» երկրպագող 600 հանդիսական չէր գտնվել, եւ տոմսերի որոշ մասը պարզապես բաժանել էին պատանի ֆուտբոլիստներին, նրանց հարազատներին եւ բարեկամներին: Իսկ

«Արարատի» անհամեմատ մեծ թիվ կազմող երկրպագուները ստիպված էին մարզադաշտի մերձակայքից աջակցել սիրելի թիմին: «Արարատի» կողքին չէր նաեւ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, որը 27-րդ տուրում կարմիր քարտի էր արժանացել: Սուքիասյանը սաներին հուշում էր միայն տրիբունաներից:

Խաղի առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ ահա երկրորդ կեսում «Արարատին» հաջողվեց հասնել հաջողության: 78-րդ րոպեին Մարկոսի տուգանայինից կատարած փոխանցումից հետո Ջուլիանո Գիմենեսը գլխի դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը: Հանդիպման վերջին րոպեներին «Փյունիկը» ամեն կերպ փորձեց հավասարացնել, բայց «Արարատին» հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը, իսկ թիմի երկրպագուները եւ ներկայացուցիչները ցնծության մեջ էին: «Արարատը» հաղթեց եւ հնարավորություն ստացավ լրացուցիչ` ոսկե խաղում եւս մեկ անգամ հանդիպել «Փյունիկին», որը նախորդ 7 տարիներին նախքան վերջին տուրն էր նվաճում չեմպիոնի կոչումը:

Առաջիկա օրերին ՀՖՖ-ն կորոշի, թե որտեղ եւ երբ է կայանալու հանդիպումը, սակայն արդեն ակնհայտ է, որ 700 նստատեղ ունեցող մարզադաշտում չեմպիոնության հարցը չի լուծվի, իսկ «Արարատի» երկրպագուները հնարավորություն կունենան արդեն տրիբունաներից աջակցել թիմի խաղացողներին: 28-րդ տուրում կայացան եւս 3 հանդիպումներ: Կապանում «Գանձասարը» 0:0 հաշվով ավարտեց «Ուլիսի» հետ մրցավեճը: Այս ոչ-ոքին էլ բավական էր, որ կապանցիները առաջին անգամ իրենց պատմության մեջ դառնան բրոնզե մեդալակիր: «Գանձասարի» փոխարեն մեդալների կարող էր արժանանալ «Միկան», եթե սեփական հարկի տակ կարողանար հաղթել «Բանանցին»: Բայց այս խաղում եւս խաղաղ ելք գրանցվեց` 1:1: Ետնապահ «Կիլիկիան» սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց «Շիրակին»: