Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ Է. «ԱՐԱՐԱՏԸ» ԴԺԳՈՀՈՒՄ Է ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

Սպորտ

Այսօր ժամը 14:00 «Փյունիկ» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի առաջնության կարեւորագույն հանդիպումը` «Փյունիկ»-«Արարատ»: Մարզադաշտը շրջափակել են բազմաթիվ ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ, որպեսզի թույլ չտան «Արարատի» երկրպագուներին մտնել մարզադաշտ: Նշենք, որ «Փյունիկ» մարզադաշտն ունի ընդամենը 700 նստատեղ, որից 95 տոկոսը զբաղեցնելու են «Փյունիկի» ակումբի երկրպագուները:

Մարզադաշտում է նաեւ Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը ինչպես նաեւ մի շարք այլ բարձրաստիճան ոստիկաններ:

Այժմ «Արարատի» երկրպագուները «դիրքավորվել» են մարզադաշտի մոտակայքում, որպեսզի այնտեղից քաջալերեն իրենց թիմին:

«ԱՐԱՐԱՏԸ» ԴԺԳՈՀՈՒՄ Է ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

p>Երեւանի «Արարատի» գլխավոր մենեջեր Վարուժան Սիմոնովի կանխատեսմամբ «Արարատը» այսօր 2:0 հաշվով առավելության կհասնի «Փյունիկի» նկատմամբ: Հայաստանի առաջնության վերջին 28-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» խաղում հյուրերին միայն հաղթանակ է անհրաժեշտ:

Հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Վերջին տուրի այս խաղում է հայտնի դառնալու 2008թ. Հայաստանի չեմպիոնի անունը: Սակայն, ըստ Վարուժան Սիմոնովի խաղի կազմակերպիչները ամեն ինչ արել են «Արարարտի» երկրպագուներից խուսափելու համար. «Հանդիպման տոմսերը արժեն 10 հազար դրամ: Նման թանկ տոմսերը Հայաստանի համար չեն: Այս խաղը փող աշխատելու միջոց չպետք է հանդիսանար: Ֆուտբոլը երկրպագուների խաղ է: 700 տոմսերից «Արարատ» ակումբին ընդամենը 35 տոմս են տվել, որից միայն 5-ը անվճար»:

Մնացած 650 տոմսերի մասին տեղեկություն չկա: Դրանք նույնիսկ վաճառքի չեն հանվել: Սիմոնովը զայրացած էր, որ հանդիպումը կայանալու է փոքր մարզադաշտում.«Այսօր կայանալիք հանդիպումը ցույց կտա հայկական ֆուտբոլի իրական պատկերը: Հանդիպումը կայանալու է մի մարզադաշտում, որը ունի 700 հանդիսական: Այն չի համապատասխանում Ֆրանսիայի կամ Գերմանիայի նույնիսկ 3-րդ դիվիզիոնի մակարդակին»:

«Արարատի» գլխավոր մենեջերը տեղեկացրեց, որ հանդիպումից առաջ իրենք դիմել էին ՀՖՖ-ին եւ «Փյունիկ» ակումբին. «Մեր այսօրվա մրցակից «Փյունիկը» 7 անգամ անընդմեջ Հայաստանի չեմպիոն է դարձել, բայց 700 նստատեղ ունեցող մարզադաշտում է հանդես գալիս: Այս մասին ֆեդերացիան պետք է մրցաշրջանի սկզբում մտածեր: Մենք դիմել էինք թե ֆեդերացիային, թե «Փյունիկին», որը հանդիպումը այլ վայրում անցկացվի, քանի որ խաղի նկատմամբ մեծ հետաքրքրություն է առաջացել: Նույն դիմումով խնդրել էինք նաեւ արտասահմանից մրցավարական բրիգադ հրավիրել, որի ծախսերը պատրաստ էինք հոգալ: Սակայն մեր դիմումները մերժվեցին»:

Ամեն դեպքում Սիմոնովը հույս ունի, որ «Արարարտ» այսօր կհաղթի եւ կհավասարվի «Փյունիկին»: Եթե դա տեղի ունենա, ապա ըստ կանոնադրության պետք է նշանակվի «ոսկե» հանդիպում. «Ես հույս ունեմ, որ մենք չեմպիոն կդառնանք: Իմ կանխատեսմամբ կհաղթենք 2:0 հաշվով»: