Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ, ԳՈԼԱՌԱՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանին առաջին խմբի առաջնությունը այսօր ավարտվեց, բայց դա չի նշանակում, թե հաղթողները իրավունք ստացան մասնակցել բարձրագույն խմբի առաջնությանը: Այս առումով Հայաստանի առաջին խմբի առաջնությունը բացառիկ է:

Առաջին խումբը այս տարի «դե ֆակտո» հանդիսանում էր փոխարնողների մրցաշար, քանի որ այնտեղ հանդես էին գալիս բացառապես բարձրագույն խմբի մասնակիցների 2-րդ թիմերը: Իսկ ՀՖՖ կանոնադրությունը թույլ է տալիս, որ բարձրագույն խմբին մասնակցի նույն ակումբին պատկանող միայն մեկ թիմ:

Վերջին 28-րդ տուրը անցավ գոլառատ պայքարում: Հաղթողի կոչումը ժամանակից շուտ նվաճած «Շենգավիթը» («Ուլիսի» դուստր թիմը) հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ:

«Շենգավիթը» 60 միավորով վստահորեն դարձավ առաջին խմբի հաղթող: Այս հաղթանակով շենգավիթցիները կանգնեցրին «Փյունիկ»-2-ի հաղթարշավը, որը նախորդ տարիներին մրցակցությունից դուրս էր: Բայց այս տարի «Փյունիկի» երիտասարդները համալրել են թիմի գլխավոր թիմը, ուստի «Փյունիկ-2»-ում հանդես էին գալիս էլ ավելի անփորձ ֆուտբոլիստներ: «Փյունիկ-2»-ը այսօր 3:1 հաշվով առավելության հասավ «Արարատ-2»-ի նկատմամբ եւ գրավեց 2-րդ հորիզոնականը: «Արարատ-2»-ը 28 միավորով հանգրվանեց 6-րդ հորիզոնականում:

Լավագույն եռյակը եզրափակեց «Բանանց-2»-ը, որը այսօր 2:2 հաշվով ավարտեց «Միկա-2»-ի հետ արտագնա մրցավեճը: Ետնապահ «Պատանին», որը Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի բազային թիմն է, 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակ-2»-ի դարպասը: Սակայն տպավորիչ այս հաղթանակը պատանիներին թույլ չտվեց հեռանալ 8-րդ հորիզոնականից:

Առաջին խմբի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Բանանց-2»-ի խաղացող Սեմյոն Մուրադյանը, որը մրցակիցների դարպասը ուղարկեց 21 գնդակ: Մուրադյանը ընթացիկ մրցաշրջանում ժամանակ առ ժամանակ հայտնվում էր նաեւ «Բանանցի» գլխավոր թիմում: