ԼՐԱՑՐԵՑ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինայի Լվով քաղաքում օրերս կայացած Վասիլիշինի հուշամրցաշարում հայ շախմատիստ Լեւոն Բաբուջյանը բաժանել է 2-3-րդ հորիզոնականները: Այս մրցաշարում ցույց տված արդյունքի շնորհիվ Բաբուջյանը 2-րդ անգամ լրացրել է գրոսմայստերի նորմա: Ներկայումս միջազգային վարպետի կոչում ունեցող երիտասարդ շախմատիստը առաջին անգամ գրոսմայստերի նորմա լրացրել էր 2008թ. սկզբին Իրանի Ուրմիա քաղաքում կայացած մրցաշարում: Եւս մեկ անգամ նորմա լրացնելու դեպքում Բաբուջյանին ՖԻԴԵ-ն կշնորհի գրոսմայստերի կոչում:
Իսկ Գերմանիայում ընթացող շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում կայացան 7-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի միակ ներկայացուցիչը` Էդուարդ Մնացականյանը, այս տուրում առավելության հասավ Գերմանիան ներկայացնող Դիետեր Վիլինգի նկատմամբ: Այժմ Մնացականյանը 5 միավորով ընթանում է 28-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են ռուս Վլադիմիր Օնոպրիենկոն եւ ռումինացի Միխայ Սուբան: Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր:
8-րդ տուրում Էդուարդ Մնացականյանի մրցակիցը կլինի լիտվացի Ալգիմանտաս Բուտնորիուսը: