«ՄՐՑԱԿԻՑԸ ԱՐԺԱՆԻ ԷՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի ընթացիկ առաջնության առաջատար «Փյունիկը» շուրջ 14 տուր պարտություն չէր կրել: Երեւանյան ակումբի անպարտելիության շարքը ընդհատվեց Կապանում, որտեղ 26-րդ տուրի շրջանակներում «Փյունիկին» 3:0 հաշվով ջախջախեց «Գանձասարը»:
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ գրանցված հաշիվը արտացոլում է խաղի ընթացքը. «Մրցակիցը արժանի էր հաղթանակի: Այս խաղում նրանք ամեն ինչով գերազանցեցին մեզ: «Փյունիկը» իմ գլխավորությամբ իր ամենավատ հանդիպումներից մեկը անցկացրեց: Նման անհաջող խաղ ցուցադրել էինք նաեւ «Ուլիսի» (1:1) հետ խաղում, իսկ ահա մյուս հանդիպումներում այլ ֆուտբոլ էինք խաղացել»:
Մինասյանի կարծիքով` 14 հանդիպումներից բաղկացած անպարտելիության շարքը հոգեբանական բեռ էր. «Մեր թիմում հանդես են գալիս մեծ թվով երիտասարդներ եւ նրանց համար դժվար էր երկար ժամանակ անպարտելի լինել: Այս պարտությունից ողբերգություն չենք սարքի: Պետք է ընդգծեմ, որ «Գանձասարն» էլ մեծ մոտիվացիայով էր դուրս եկել խաղադաշտ, թեեւ մեր խաղացողները եւս ցանկանում էին այս խաղում հաջողության հասնել»:
Չեմպիոնության համար պայքարող «Փյունիկի» այս խաղում հանդես եկավ առանց իր առանցքային խաղացող Հենրիխ Մխիթարյանի, որը երեկ մեկնեց Ֆրանսիա` փորձաշրջան անցնելու: «Մենք աշխատում ենք հենց նրա համար, որ երիտասարդ ֆուտբոլիստները, որոնցից մեկը Հենրիխն է, մեկնեն արտասահման եւ ամրապնդվեն բարձրակարգ թիմերի կազմերում: Ես շատ ուրախ կլինեն, եթե Մխիթարյանին հաջողվի հանդես գալ ֆրանսիական որեւէ թիմում: Իհարկե, լավ կլիներ, որ նա մասնակցեր առաջնության վերջին 2-3 հանդիպումներին, սակայն պակաս կարեւոր չէ, որ մեր խաղացողները տեղափոխվեն արտասահմանյան թիմեր», - նշեց Վարդան Մինասյանը:
26-րդ տուրի մյուս կենտրոնական խաղում «Միկան» 3:1 հաշվով հաղթեց «Արարատին» եւ թույլ չտվեց արարատցիներին մոտենալ առաջատար «Փյունիկին»:
«Միկայի» գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը, խոսելով այս հանդիպման մասին, ասաց. «Նախորդ հանդիպումներից հետո ես ասել էի, որ մեր թիմի ֆուտբոլիստները հոգեբանորեն պատրաստ են հաղթանակների եւ դա ապացուցվեց «Արարատի» հետ խաղում: «Արարատը» չեմպիոնության համար պայքարող թիմերից է, լավագույններից մեկը մեր առաջնությունում եւ նրա հետ խաղում մեր առավելությունը վերածվեց խփած գոլերի: Ամեն դեպքում մրցանակային տեղերի համար պայքարը շարունակվելու է մինչեւ վերջին տուրը»: