Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 26-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջին 2 հորիզոնականներում գտնվող թիմերը պարտություններ կրեցին:

Կապանում «Գանձասարը» հյուրընկալել էր առաջատար «Փյունիկին»: Չեմպիոնը Վարդան Մինասյանի գլխավորությամբ Հայաստանի ընթացիկ առաջնությունում պարտություն չէր կրել, սակայն կապանցիներին հյուրընկալվելիս «Փյունիկը» զիջեց խոշոր 0:3 հաշվով: «Գանձասարի» կազմում աչքի ընկան Գագա Թիբիլաշվիլին, Դավիթ Խանիշվիլին եւ Ալեքսանդր Պետրոսյանը:

«Փյունիկի» անհաջողությունից չկարողացավ օգտվել 2-րդ տեղում ընթացող «Արարատը», որը հյուրընկալվել էր «Միկային»: Առաջին կեսում բրազիլացի Ռենատոն առաջ մղեց «Արարատին», սակայն 2-րդ կեսում Արամ Ոսկանյանի, Արմեն Պետրոսյանի եւ Կարեն Ավոյանի գոլերի շնորհիվ «Միկան» առավելության հասավ 3:1 հաշվով: Այսպիսով` չեմպիոնության համար պայքարող 2 թիմներն էլ պարտություններ կրեցին եւ առաջնության ավարտից 2 տուր առաջ մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում որեւէ փոփոխություն չարձանագրվեց: «Փյունիկը» 56 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատը» 53 միավորով 2-րդ տեղում է: Լավագույն եռյակը եզրափակում է «Գանձասարը», իսկ «Միկան» 4-րդ տեղում է:

Այս տուրում հանդիպումներ անցկացրեցին նաեւ ցածր հորիզոնականներում գտնվող թիմերը: «Հրազդան» մարզադաշտում ետնապահ «Կիլիկիան» 0:1 հաշվով պարտվեց «Բանանցին», որը Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ իր առաջին հաղթանակը տոնեց ընթացիկ առաջնությունում: Գյումրիում մրցեցին «Շիրակը» եւ «Ուլիսը»: Այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց: