ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԽԱ՞Լ է ՈՒՂՂՈՐԴԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինԼՂ հիմնախնդրի լուծման Մադրիդյան սկզբունքներին ծանոթանալու ցանկություն ունեցողներին Սերժ Սարգսյանը, պարզվում է, սխալ է ուղորդել: Խոսքը Սերժ Սարգսյանի այն հայտարության մասին է, թե Մադրիդյան սկզբունքները տեղադրված են միջազգային կազմակերպություններից մեկի ինտերնետային էջում: Եւ քանի, որ ԼՂ հիմնախնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, այսօր լրագրողները ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տնօրեն Սերգեյ Կապինոսից փորձեցին ճշտել` այդ սկզբունքները ԵԱՀԿ-ի կայքու՞մ են, թե՞ ոչ: Չցանկանալով մեկնաբանել Սերժ Սարգսյանի հայտարարությունը` պարոն Կապինոսն ասաց. «ԼՂ հիմնախնդրով ես ինտերնետով չեմ հետաքրրքվում»:
Իսկ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ նա խոսեց որպես մասնավոր անձ` նախապես նշելով, որ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը խնդրի կարգավորմամբ չի զբաղվում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը յուրահա տուկ է, քանի որ ներառում է համաշխարհային քաղաքական գործընթացի գլխավոր գործող խաղացողներին` ի դեմս երեք համանախագահների` Ֆրանսիա, ՌԴ եւ ԱՄՆ: Երեք համանախագահներն էլ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ունեն ընդհանուր կարծիք եւ մոտեցում, ինչը բացակայում է այլ հակամարտությունների միջնորդների պարագայում: Իհարկե, կան տակտիկական տարակարծություններ, սակայն մոտեցումը նույնն է»:
Այսօր պարոն Կապինոսը անդրադարձավ նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիայի ներգրավման փորձերին «Եթե այդ ներգրավման նպատակը Մինսկի խմբի մեխանիզմին աջակցելն է, ողջունելի է, եթե խոչընդոտելն է, ապա պետք է վանել մի կողմ»:
ԵԱՀԿ-Ն ՀՀ-ՈՒՄ ՔԱՐ Է ԾԱԿԵԼՈՒ
ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը առաջնորդվում է «ջուրը քար է ծակում» կարգախոսով: Այսօր Հայաստանում ԵԱՀԿ-ի ծարգրերի եւ ռազամավարության մասին խոսելիս` սա Սերգեյ Կապինոսի միակ թեւավոր խոսքը չէր: Զերծ մնալով մարտի 1-ի, փետրվարի 19-ի ՀՀ նախագահի ընտրությունների, քաղբանտարկյալների վերաբերյալ կոնկրետ գնահատականներից` նա մեջբերեց Բեռնարդ Շոուի խոսքերը.«Դեմոկրատիան մի համակարգ է, որը երաշխավորում է այն կառավարումը եւ շահերի հետապնդման մեխանիզմը, որին հասարակությունը արժանի է»:
Քանի որ ԵԱՀԿ-ի առաքելություններից մեկը նաեւ մեր դատական համակարգի գործունեությանը հետեւելն է, ինչը հետընտրական գործընթացներից հետո այսօր ավելի ակտիվ է, լրագրողներն այսօր հետաքրրքվեցին, թե ԵԱՀԿ-ի 2009թ. զեկույցում մեր դատական համակարգի գործունեությունը տեղ կգտնի՞, թե՞ ոչ: Մինչ հարցին պատասխանելը, պարոն Կապինոսը խոսեց հավաքների ազատության մասին, որը ժողովրդավարության անքակտելի մասն է: Ինչ վերաբերում է մարտի 1-ից հետո ՀՀ իշխանությունների կողմից հավաքների ազատության ոտնահարմանը, ապա Կապինոսն ասաց.«Եթե իշխանությունն իր գործողությամբ օրենք է խախտում, ինչպես ասում է ընդդիմությունը, ապա իշխանության որոշումը պետք է վիճարկվի դատական համակարգում»:
Նա ողջունեց այն դեպքը, երբ դատարանը չեղյալ է հայտարարել հավաքների մերժման մասին Երեւանի քաղաքապետարանի որոշումը: «Օրենքը պետք է լինի ամեն ինչից վեր»,- ասաց Կապինոսը:
Խոսելով մարտի 1-ի դեպքերի մասին, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տնօրենը ստիպված էր պատասխանել այն հարցին, թե արդյոք այդ դեպքերի մեջ չի տեսնում նաեւ ԵԱՀԿ-ի մեղքի բաժինը, որը միանշանակ չգնահատեց փետրվարի 19-ի ընտրությունները եւ ազատություն տվեց իշխանությունների ձեռքերին:
«Ես չեմ կարող գնահատական տալ իմ գործընկերների աշխատանքին, ես անձամբ այստեղ չեմ եղել ընտրությունների դիտարկման ժամանակ, սակայն վստահում եմ ԵԱՀԿ դիտորդների իրազեկվածությանը»:
Կապինոսը գտնում է, որ ԵԱՀԿ-ի զեկույցում եղել են դրական, այնպես էլ բացասական գնահատականները, սակայն նախորդ, ընտրությունների համեմատ եղել է առաջընթաց:
Հայաստանում երբեք ընտրական գործընթացների արդյունքում զոհեր չեն եղել, ո՞րն է առաջընթացը. «Ա1+»ի հարցին` Կապինոսը պատասխանեց.«Դա իսկապես դժբախտություն է»:
Բոլոր դեպքերում Կապինոսը հույս ունի, որ մարտի 1-ի դեպքերը կբացահայտվեն եւ ողջունեց Սերժ Սարգսյանի կողմից մարտի 1-ի դեպքերի փաստահավաք խմբի ստեղծումը:
Հաշվի առանելով այն փաստը, որ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների ծրագրերը կարող են իրականացվել միայն ՀՀ իշխանությունների կամքի առակության դեպքում` պարոն Կապինոսից լրագրողները հետաքրքրվեցին, թե ԵԱՀԿ-ն որքանո՞վ է արդյունավետ իրականացնում իր ծրագրերը Հայաստանում: «Իհարկե, իշխանությունների քաղաքական կամքը պետք է ցանկացած երկրում, սակայն երբ փոփոխությունները պայմանավորված են միայն քաղաքական կամքով, ապա դրանով կորում է երկրի սոցիալ-քաղաքական իրադարձությունների վրա ազդելու հանրային մոտիվացիան: Հասարակության հասունությունից շատ բան է կախված»,- ասաց Կապինոսը:
Ինչ վերաբերում է մեր հասարակությանը, ապա Կապինոսը չի տեսնում մի քաղաքական ուժի, որը հետապնդի կոնկրետ սոցիալական խմբի շահեր: Նա վստահեցրեց, որ Հայաստանում մարդու իրավուքների պաշտպանություն վիճակը առաջին հերթին կախված է քաղաքացիների գիտակցությունից: