Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՅՆ «ԲԱՐՍԵԼՈՆԱՆ»

Սպորտ

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում 3-րդ տուրում հանդիպումներ կայացան նաեւ A, B, C եւ D խմբերում: Այս տուրից հետո արդեն գործնականում հայտնի դարձան փլեյ-օֆֆի մի շարք մասնակիցների անուներ:

A խումբ

«Չելսի» -«Ռոմա» 1:0

«Բորդո» - «Կլուժ» 1:0

Հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց «Չելսին», որը կարողացավ առավելության հասնել իր հիմնական մրցակից «Ռոմայի» նկատմամբ եւ 7 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Մենք հերթական 3 միավորը վաստակեցինք, ինչը շատ կարեւոր է, քանի որ սեփական հարկի տակ մեզ մնաց անցկացնելը ընդամենը 1 հանդիպում: Կարծում եմ պատասխան խաղում գրոհելու ավելի լավ առիթներ կունենանք, քանի որ «Ռոման» այլեւս չի կարող տարվել պաշտպանությամբ», - հանդիպումից հետո նշել է «Չելսիի» բրազիլացի մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին, որի գլխավորությամբ «ազնվականները» առայժմ գնդակ չեն ընդունել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում: 2-րդ տեղի համար թեժ պայքար է ծավալվել մյուս 3 թիմերի միջեւ: Ֆրանսիական «Բորդոն», 1:0 հաշվով պարտության մատնելով Ռումինիայի չեմպիոն «Կլուժին», իր առաջին 3 միավորը վաստակեց:

B խումբ

«Ինտեր - «Անորտոսիս» 1:0

«Պանատինաիկոս» - «Վերդեր» 2:2 Իտալիայի չեմպիոն «Ինտերը» 1:0 հաշվով պարտության մատնելով կիպրոսյան «Անորտոսիսին» ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Չնայած պարտությանը «Անարտոսիսի» գլխավոր մարզիչ Թեմուրի Կեցբայան գոհ է եղել իր սաների ցուցադրած խաղից: Խմբի մյուս խաղում մրցեցին «Պանատինաիկոսը» եւ «Վերդերը»: Արձանագրվեց ոչ-ոքի` 2:2, ինչը գերմանացիների համար 3-րդ անընդմեջ խաղաղ ելքն էր:

C խումբ

«Բազել» - «Բարսելոնա» 0:5

«Շախտյոր» -«Սպորտինգ» 0:1

Կատալոնական «Բարսելոնան» 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց խմբային մրցաշարում հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախելով շվեյցարական «Բազելին»: «Բարսելոնան» ընթացիկ խաղարկությունում միակ թիմն է, որը դեռ միավորներ չի կորցրել: 2-րդ տեղում ամրապնդվեց պորտուգալական «Սպորտինգը», որը դարձյալ հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասավ «Շախտյորի» նկատմամբ: «Հանքափորների» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն գտնում է, որ իր սաները արժանի չէին պարտության. «Հանդիպման ելքը արդարացի չէր, քանի որ մինչեւ գոլը խփելը մրցակիցը ոչ մի գոլային պահ չունեցավ մեր դարպասին: Կարծում եմ առնվազն 1 միավոր պետք է վաստակեինք այս խաղում: Բայց ինչպես միշտ մեր հակառակորդը օգտագործեց իր միակ հնարավորությունը ստանդարտ դիրքի խաղարկումից»:

D խումբ

«Էյնդհովեն» - «Օլիմպիկ» 2:0

«Ատլետիկո» - «Լիվերպուլ» 1:1

Առաջատարներ «Ատլետիկոն» եւ «Լիվերպուլը» խաղաղությամբ բաժանվեցին Մադրիում, իսկ ահա ետնապահների մրցավեճում «Էյնհովենը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց Մարսելի «Օլիմպիկի» դարպասը: