Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՈԼԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ

Սպորտ

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում 3-րդ տուրում հանդիպումներ կայացան E, F, G եւ H խմբերում: Հանդիպումները անցան բավական գոլառատ պայքարում: 8 հանդիպումներում միանգամից 36 դարպասի գրավում արձանագրվեց:

E խումբ

«Մանչեսթեր Յուն.» -«Սելթիկ» 3:0

«Վիլյառեալ» - «Օլբորգ» 6:3

«Օլդ Թրաֆորդում» Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց շոտլանդական «Սելթիկի» դարպասը: Բրիտանական դերբիում 2 անգամ աչքի ընկավ բուլղարացի Դիմիտար Բերբատովը: «Մենք հիանալի խաղ անցկացրեցինք` 90 րոպե լինելով մեր բարձրության վրա: Առաջատարները իրենց բարձրության վրա էին, իսկ Բերբատովը ֆանտաստիկ խաղ ցուցադրեց», - ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:

Իսկ ամենագոլառատ հանդիպումը կայացավ Իսպանիայի Վիլյառեալ քաղաքում, որտեղ տեղի համանուն թիմը տափօղակով հոկեյին բնորոշ 6:3 հաշվով պարտության մատնեց դանիական «Օլբորգին»: «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Վիլյառեալը» 7-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

F խումբ

«Ստյաուա» - «Լիոն» 3:5

«Բավարիա» - «Ֆիորենտինա» 3:0

Մյունխենի «Բավարիան» աստիճանաբար դուրս է գալիս ճգնաժամից: Գերմանիայի չեմպիոնը 3:0 հաշվով առավելության հասավ իտալական «Ֆիորենտինայի» նկատմամբ եւ ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Իսկ մյուս ուղեգրի գլխավոր հավակնորդ դարձավ «Լիոնը», որը հյուրընկալվելիս 5:3 հաշվով առավելության հասավ ռումինական «Ստյաուայի» նկատմամբ:

G խումբ

«Պորտու» - «Դինամո» 0:1

«Ֆեներբախչե» -«Արսենալ» 2:5

Այս խմբում հաջողության հասան հյուրերը: Եթե «Արսենալի» հաղթանակը Ստամբուլում «Ֆեներբախչեի» նկատմամբ անսպասելի չէր, ապա Կիեւի «Դինամոն» անակնկալ մատուցեց` պարտության մատնելով «Պորտուին», որը սեփական հարկի տակ հազվադեպ է զիջում մրցակիցներին:

H խումբ

«Յուվենթուս» - «Ռեալ» 2:1

«Զենիթ» - ԲԱՏԵ 1:1

Ամենամեծ անակնկալը գրանցվեց այս խմբում, որտեղ Ռուսաստանի չեմպիոն «Զենիթը» սեփական հարկի տակ չկարողացավ առավելության հասնել եւ գրավել բելառուսական ԲԱՏԵ-ի դարպասը: «Զենիթի» գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հանդիպումից հետո խիստ զայրացած է եղել. «Երբ մի շարք գոլային պահեր ես ունենում եւ չես օգտագործում դրանք, ապա կարող ես պատժվել հակագրոհների ընթացքում: Այդպես էլ եղավ այսօրվա խաղում»:

Իսկ ԲԱՏԵ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն ասել է. «Բորիսովը եւ ողջ Բելառուսը կարող են հպարտանալ մեզանով: Շատերը ասում էին, թե 6 խաղում 0 միավոր կվաստակենք, սակայն մենք ապացուցեցինք, որ կարող ենք հավասար պայքար մղել Եվրոպայի ուժեղագույն թիմերի հետ»: Խմբի մյուս խաղում «Յուվենթուսը» 2:1 հաշվով առավելության հասավ «Ռեալի» նկատմամբ եւ սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այս խմբում «Յուվենթուսի» եւ «Ռեալի» հաջորդ փուլ դուրս գալը այլեւս կասկած չի հարուցում: